Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-208-24.06.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ Հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում՝

1. Լրացնել նոր  «գ.»  ենթակետ.

«« գ. Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարների կողմից`  բացառապես ռազմական նշանակության շրջանակներում` ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման եւ այլ ռազմական նշանակության ապրանքների ներմուծման կամ  մատակարարման  համար  թռիչքներ իրականացնող օդանավերի՝  լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի մատակարարումը եւ աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի ծառայությունների մատուցումը»»

Հոդված 2.  Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1.  Լրացնել նոր  « 14)»-րդ  կետ.

«« 14)  Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարների կողմից`  բացառապես ռազմական նշանակության շրջանակներում` ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման եւ այլ ռազմական նշանակության ապրանքների ներմուծման կամ  մատակարարման հետ ուղղակիորեն կապված՝  բեռնման, բեռնաթափման  աշխատանքների կատարումը:»

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Գործող 17.11.2017  ՀՕ-194-Ն Հայաստանի Հանրապետության  օրենքի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ են սահմանված:

Ոեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարների կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար, բացառապես ռազմական նշանակության ապրանքների ներմուծման եւ մատակարարման համար թռիչքներ իրականացնող օդանավերի՝  լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի կամ  սպասարկման` աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի ծառայությունների, ինչպես նաեւ նշված ռազմական նշանակության ապրանքների՝  բեռնման, բեռնաթափման  աշխատանքների կատարման մասով ԱԱՀ-ի արտոնություն չի տրամադրվում, այսինքն վերոնշյալ օրենքը չի կարգավորում եւ որեւէ այլ իրավական կարգավորում բացակայում է այսպիսի դեպքերում: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության զարգացման համար ռազմական նշանակության ապրանքների ներմուծման եւ մատակարարման կարեւորությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ նման դեպքերը բացառիկ են լինելու, համատարած եւ ձեռնարկատիրական գործունեության բնույթ չեն կարող ունենալ՝  անհրաժեշտություն է  առաջանում կարգավորել օրենքի ուժով: Ավելորդ չէ նշել նաեւ, որ բարերարների կողմից իրականացվող այսպիսի գործառույթներից ակնկալել պետական բյուջեի եկամուտներ՝ արդարացված, հիմնավոր չէ եւ դուրս է որեւէ տրամաբանության շրջանակներից:

Ակնկալվող արդյունքը

Հիմք ընդունելով այն իրողությունը, որ օդային փոխադրումներն ունեն ռազմավարական նշանակություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության զարգացման համար ռազմական նշանակության ապրանքների ներմուծման եւ մատակարարման գործառույթների իրականացման համար, օրենքի ընդունումը՝ վարվող քաղաքականության  եւ ՀՀ անվտանգության ապահովման բնագավառում կապահովի վստահության, բարի կամք դրսեւորելու   ավելի բարձր մակարդակ:

Եզրակացություն

Առաջարկվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Դավիթ Մանուկյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ: 
 

Հարգանքով՝ Արման Աբովյան
Դավիթ Մանուկյան
Ջանիբեկ Հայրապետյան