Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-248-06.08.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»

Հոդված 2. Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ՝

«4) կրկին անգամ»

Հոդված 3. Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երեքից վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:»

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածի 1-ն մասի`

1. Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

2) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,

3) գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Առաջարկում ենք կատարել փոփոխություններ եւ լրացումներ` լրացնելով Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում՝ որպես պատժատեսակ լրացնել ազատազրկումը, իսկ 2-րդ մասում ներառել միեւնույն արարքը կրկին անգամ կատարելու համար նախատեսվող ծանրացուցիչ հանգամանքը? 2019 թվականի օգոստոսի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Օրենքի վերոնշյալ հոդվածում ամրագրված արարքը կրկին անգամ կատարելու համար նախատեսված չէ համապատասխան պատիժ եւ նշված փոփոխությունը նպատակ է հետապնդում Օրենքի բացը լրացնելու:

Պատժաչափը եւ պատժի տեսակը խստացնելու անհրաժեշտությունը բխում է այն փաստից, որ հոդվածում նշվող գերեզմաններ եզրույթը, որը բացառապես նշանակում է մեկից ավելի գերեզման, վերաբերում է ողջ գերեզմանատանը, ինչպես տեղի ունեցավ 2019թ. օգոստոսի 1-ի իրադարձությունների դեպքում:  Վերոնշյալ դեպքում ոչ միայն նյութական,այլեւ բարոյական վնասներն անհամատեղելի են եւ ոչ համարժեք:

Օրենքի փոփոխության համար հիմք է հանդիսացել նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնավորապես՝    Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, ԱՄՆ-ի օրենսդրության համապատասխան դրույթների ուսումնասիրությունը եւ դրանց մեկնաբանությունները, որտեղ կալանքի նվազագույն ժամկետ սահմանվում է 3 ամիսը, իսկ ազատազրկումը` որպես պատիժ ավելի խիստ է (Ուկրաինա, Մոլդովա) քան Հայաստանի Հանրապետությունում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եռաբլուրը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատունն է, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում եւ 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների աճյունները, վերջինս հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում ձեռք բերված հաղթանակների հուշահամալիր-կոթողն է, ինչպես նաեւ այդ հաղթանակների ձեռք բերման համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը հավերժացնող ուխտատեղին` այս ամենը ոտնահարող գործողությունները, առավել եւս կրկին անգամ կատարված, պարտադիր կերպով եւ պայմանավորված հասարակության պահանջով պետք է ամրագրվեն ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան պատժատեսակներով եւ պատժի չափով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը?

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) խմբակցության որոշումը օրենքի նախագիծը շրջանառույան մեջ դնելու մասին

բ) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Աբովյան)

գ) նախագծի ընդունման հիմնավորումը

դ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:
 
Հարգանքով՝ Արման Աբովյան