Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-254-13.08.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-211-Ն անտառային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 33-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«անտառավերականգնման կամավոր ընտրողական հատումներ՝ պաշտպանական կամ հատուկ նշանակության անտառներում հատման են նշանակվում հասուն, գերհասուն, վնասված, հիվանդություններով ու վնասատուներից վարակված, բնական վերաճին խանգարող ծառերը»:

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 33-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝

«անտառավերականգնման միջանկյալ հատումներ՝ լուսատվության, մաքրման, նոսրացման եւ անցումնային (միջանցիկ), որոնք կատարվում են բացառապես արտադրական նշանակության անտառներում կամ մատղաշ եւ միջահասակ անտառտնկարկներում» :

Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 36-րդ պարբերությունում՝

«խնամքի» բառից հետո հանել՝ «(միջանկյալ)» բառը

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի անհրաժեշտությունը

Առաջնահերթ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության անտառները հիմնականում լեռնային առաջին խմբի պաշտպանական նշանակության անտառներ են, որոնք ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, ջրակարգավորիչ, հակասելավային եւ հակասողանքային, քամապաշտպան, առողջապահական եւ այլ նշանակություն, ինչպես նաեւ ստրատեգիական գերակա նշանակություն՝ հանդիսանալով էներգիայի աղբյուր:

Վերջին 25 տարվա ոչ արդյունավետ տնտեսական գործունեության եւ գերշահագործման հետեւանքով ընկել է ՀՀ անտառների արտադրողականությունը, պաշտպանական ունակությունը եւ ավելացել են հողերի էռոզիայի ենթարկվելու դեպքերը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների հիմնական նպատակն այս պահին գործող ՀՀ Անտառային օրենսգրքի Հոդված 3-ում սահմանված՝ «անտառավերականգնման հատումներ» հասկացության իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան հստակ ձեւակերպումն է: Հարցը կայանում է հետեւյալում, որ «անտառավերականգնման հատումներ» հասկացությունը պետք է սահմանվի բավարար աստիճանի հստակ, որպեսզի՝ արտադրական, պաշտպանական եւ հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերման նպատակով հատումներ իրականացնելիս, իրավական նորմերի կիրառման դեպքում տարընթերցումներ կամ անորոշություններ չառաջանան: Այս օրինագծով հստակ տարանջատվում է՝ անտառավերականգնման կամավոր ընտրողական, անտառավերականգնման միջանկյալ եւ խնամքի հատումների տեսակները՝ անտառների նպատակային նշանակությանը համապատասխան: Առաջարկվող օրենքի կիրառելիության ազդեցության գնահատականը հետեւյալն է՝

- հատումները կպլանավորվեն եւ կիրականացվեն անտառների նպատակային նշանակությանը համապատասխան

- անտառներում բնափայտի ծավալների հաշվարկման եւ մթերման աշխատանքների նկատմամբ պատկան մարմինների կողմից վերահսկողական գործառույթներ իրականացնելիս՝ իրավական նորմերի պահանջների կատարման օրինականության եւ արդյունավետության գնահատականը կլինի հստակ եւ որոշակի

- այս պահին գործող օրենքում առկա տարընթերցումները եւ անորոշությունները կչեզոքացվեն, մասնավորապես՝ «անտառավերականգնման հատումներ» եւ «խնամքի (միջանկյալ) հատումներ» հասկացությունների մասով, ինչն էլ կնպաստի ՝ անտառների շահագործման, պահպանման եւ պաշտպանության գործառույթներն մասնագիտական տեսանկյունից իրականացնել ավելի արդյունավետ՝ ոլորտը կարգավորող իրավական նորմերի պահանջներին համապատասխան:

Բերենք վերոնշյալ ոչ հստակ ձեւակերպումներից բխող տարընթերցման մեկ օրինակ՝

ՀՀ Կառավարության՝ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 8 նոյեմբերի 2007 թվականի N 1316-Ն որոշմամբ սահմանվում է, որ պաշտպանական նշանակության անտառներում իրականացվում են միայն միջանկյալ (խնամքի) եւ սանիտարական հատումներ:

Հարկ է նշել, որ Անտառային օրենսգրքի Հոդված3-ում սահմանվում են օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որտեղ «միջանկյալ (խնամքի)» հատումներ ձեւակերպմամբ հասկացություն չկա, այլ փոխարենը՝ խնամքի (միջանկյալ) հատումներ ձեւակերպումն է: Այստեղ «միջանկյալ (խնամքի)» եզրույթը (որն իրականացվում է 4 փուլով՝ լուսավորության, մաքրման, նոսրացման եւ անցումային հատումներով՝ որոնք կատարվում են արտադրական նշանակության անտառներում եւ անտառտնկարկներում) տարընթերցման պատճառ է դառնում, քանի որ դա արտադրական նշանակության անտառներում՝ անտառավերականգնման հատումներին է վերաբերվում (արտադրական նշանակության անտառներն են՝ բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները) եւ կիրառելի չէ պաշտպանական նշանակության անտառներում: Անհրաժեշտ է նշել, որ այս անորոշ ձեւակերպումների արդյունքում, առ այսօր, Հայաստանի անտառները լինելով լեռնային, որն անհերքելի փաստ է՝ իրականացվել են անտառավերականգնման «միջանկյալ (խնամքի)» հատումներ, որոնք կիրառելի են բացառապես արտադրական նշանակության անտառներում:

Միջանկյալ(խնամքի) հատումները բնորոշ լինելով արտադրական նշանականության անտառավերականգնման հատումներին՝ տարընթերցումների տեղիք է տալիս: Անտառվերականգնման միջանկյալ հատումները լինում են` խնամքի, սանիտարական եւ հատուկ նշանակության: Եվ արդյունքում ստացվում է, որ առ այսօր ունենք նաեւ խնամքի հատումներ, որոնք կարող են իրականացվել պաշտպանական եւ հատուկ նշանակության անտառներում՝ գործող Օրենսգրքի 3-րդ հոդվածում սահմանված խնամքի հատումներին համապատասխան, այն է՝ ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացում: Սակայն իրավակիրառ պրակտիկայում՝ խնամքի հատումները լինելով նաեւ վերոնշյալ անտառվերականգնման միջանկյալ հատումների եղանակներից մեկը՝ հատումների իր 4 փուլերով՝ լուսատվության, մաքրման, նոսրացման եւ անցումնային (միջանցիկ ), որը կիրառելի է բացառապես արտադրական նշանակության անտառներում, օրենսդրական բացի եւ տարընթերցումների պատճառով առ այսօր այդպիսի հատումները կիրառվել եւ իրականացվել են Հայաստանի լեռնային առաջին խմբի պաշտպանական նշանակության անտառներում

Համապատասխան մասնագետների հետ՝ «միջանկյալ (խնամքի)» եւ «խնամքի (միջանկյալ)» հատումներ հասկացությունների մասնագիտական կիրառելիության վերաբերյալ կատարվել են քննարկումներ, վերլուծություններ, որոնց արդյունքում եզրակացությունն եղել է հետեւյալը՝ անհամատեղելի, անորոշ, ոչ մասնագիտական ձեւակերպումներ են եւ անհրաժեշտ է տարանջատել ըստ անտառների նպատակային նշանակության՝ համապատասխան մասնագիտական հստակ ձեւակերպումներով, որն էլ առաջարկվում է կատարել ներկայացվող օրենքի նախագծով:

Ակնկալվող արդյունքը

Օրենսգրքի 3-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները հնարավորինս կբացառեն Հայաստանի լեռնային առաջին խմբի պաշտպանական նշանակության, վայրի, բնական անտառների՝ մասնագիտական տեսանկյունից չհիմնավորված, ոչ արդյունավետ եւ իր նշանակությանը ոչ համապատասխան շահագործումը:

Օրենքի ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում




Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Աբովյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով՝

Արման Աբովյան

Դավիթ Մանուկյան

Հրանտ Մադաթյան

Էդուարդ Բաբայան