Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-274-10.09.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականցանող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից պլանավորմանը նախորդող տարում պետական հատվածում 50 եւ ավելի աշխատողներ ունեցող կազմակերպությունների հունվար-դեկտեմբերի ամիսների անվանական միջին աշխատավարձի 100 տոկոսի եւ աշխատողների թվաքանակի արտադրյալի միջոցով: Բյուջետային հայտերը կազմելիս այս ֆոնդը վերանայվում է ԿԲ կողմից ներկայացված գնաճի ցուցանիշների արտադրյալի միջոցով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության օրենքի (հետայսու Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

 «Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով»:

Կրկնապատիկ գործակցով պայմանավորված քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի ձեւավորման համար միջին աշխատավարձը կազմում է 66.140*2=132.280 ՀՀ դրամ: Գործակցի մեծությունը սահմանվել է Օրենքի գործադրմամբ, այն է 2013 թ. երբ միջին անվանական աշխատավարձը, ըստ վիճակագրական ծառայության կազմել է 146.524 ՀՀ դրամ: Ստացվում է, որ օրենսդիրը որոշում կայացնելիս այդ միջին աշխատավարձը սահմանել է միջին ամսական անվանական աշխատավարձի 90 տոկոսի չափով:

2018 թ. համար ՀՀ վիճակագրական պետական ծառայությունը ամսական անվանական աշխատավարձը հաշվարկել է 172.727 ՀՀ դրամ: Այլ հավասար պայմաններում, նույն տրամաբանությամբ 2019թ. քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջին աշխատավարձը պետք է կազմեր 155.454 ՀՀ դրամ, սակայն նման աշխատավարձի սանդղակ սահմանելու հնարավորություն օրենսդիրը չի տվել:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է, որ Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի հաշվարկի հիմքում դնել ամսական անվանական աշխատավարձը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի համահունչ ինդեքսավորումն ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ:

Տեղեկանք գործող օրենգի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 


 
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Պարոն Ա. Միրզոյանին

Հարգելի՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. օրենքի նախագծի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի զեկուցող՝ ՀՀ ԱԺ Պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  Արտակ Մանուկյան