Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-284-13.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը,» բառերը։

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ԳՈւՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, սույն օրենքով սահմանված փաստաթղթերից բացի, պետք է ներկայացվեն նաեւ այդ շինության նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը, շինարարության ավարտի ակտը, հասցեների տրամադրման որոշումը եւ չափագրման փաստաթղթերը:

Այստեղ չափազանց կարեւոր է հստակեցնել, որ եթե բացակայում են նախագծային փաստաթղթերը, ապա ավարտական ակտ չի կարող կազմվել, քանի որ ավարտական ակտը վավերացվում է հետեւյալ սուբյեկտների կողմից՝

-  Հեղինակային հսկող-նախագծի հեղինակ,

-  Շինարարական կազմակերպություն,

-  Տեխնիկական հսկողություն,

-  Էլեկտրաէներգիա մատակարարող, գազամատակարար, ջրամատակարարող կազմակերպությունները։

Այնուհետեւ, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրող կազմակերպությունն իրականացնում է չափագրություն՝ շինության նախագծին համապատասխանության համար։ Եվ միայն ճշգրիտ համապատասխանության պարագայում՝ այդ կազմակերպությունն իրավասու է տրամադրել իր կողմից վավերացված չափագրման տվյալները։

Հաջորդիվ, համայնքապետարանը, սեփական չափումներ իրականացնելուց հետո, տրամադրում է ավարտական ակտը, որը Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից վավերացվելուց հետո ենթակա է պետական գրանցման։

Հաշվի առնելով այս ամբողջ իրավական գործընթացը եւ կոմպետենտ կազմակերպությունների ու մարմինների վավերացումները՝ շինության ավարտական ակտը պետական գրանցման ներկայացնելու փուլում նախագծային փաստաթղթերի անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է։

Ըստ այդմ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է ավելորդ փաստաթղթաբանություն ենթադրող այդ դրույթը հանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից։ 
  
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

«ԳՈւՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի սեպտեմբերի ___-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ




Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Փաթեթին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- դրա ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը։

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 04 թերթ։
 
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ