Armenian ARMSCII Armenian
Կ-285-16.09.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.

«է. մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարներից եւ դեբետային գումարներից.»:

Հոդված 2. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 348-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի,» բառերից հետո լրացնել «Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի,» բառերով,

2) 7-րդ մասը «փոխհատուցվող գումարի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի» բառերով,

3) 8-րդ մասում «իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հաշվարկն` այդ ժամկետի դրությամբ» բառերը փոխարինել «իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի հաշվարկն` այդ ժամկետի դրությամբ» բառերով,

4) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող հարկ վճարողների կողմից ներկայացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչեւ 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 456-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած,

1) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Եթե Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով կամ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով պակասեցվում են նախկինում հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունները, ապա հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարների կամ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին մարված գումարը կրկին վերականգնվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում՝ որպես դեբետային գումար կամ որպես բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումար (չի մուտքագրվում միասնական հաշվին):»:

Հոդված 5. Օրենսգրքի 457-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Եթե մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որեւէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողն ունի հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումար (սույն մասի կիրառության իմաստով` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար), ապա այդ գումարը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սույն մասի դրույթները տարածվում են յուրաքանչյուր կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացած` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարի (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) վրա:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` մինչեւ 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին, առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման եւ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ապա միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետեւ՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Օրենսգրքի 456-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող հարկային պարտավորությունների մարումն առաջնահերթորեն կատարվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային մնացորդի, հետո նոր միայն՝ միասնական հաշվին առկա գումարների հաշվին: Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է, որ Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող հարկ վճարողների համար ԱԱՀ-ի գումարների միասնական հաշվին մուտքագրման պարզեցված ընթացակարգը կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի մինչեւ 20 միլիոն դրամի հայտերի գծով:

Միաժամանակ, օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին: Ընդ որում, օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու դրույթը վերաբերում է օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին (2018թ. հունվարի 1-ից մինչեւ 2019թ. 2-րդ կիսամյակը ներառյալ ժամանակահատվածի համար սահմանված է եղել կիսամյակային ժամանակահատված):

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով (25.10.2017թ. N180-Ն) սահմանվել է, որ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին եւ (կամ), պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում, վերադարձվել: Ընդ որում, նշված դրույթը տարածվել է 2017 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացող` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի վրա:

Վերոնշյալ կարգավորումների հետ կապված՝ առաջին խնդիրը կայանում է նրանում, որ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունները մարվել են նախ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին, այնուհետեւ` միասնական հաշվում առկա գումարի հաշվին, որից հետո՝ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Արդյունքում, մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած դեբետային գումարների առկայության պարագայում հարկ վճարողի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները մարվել են միասնական հաշվում առկա գումարների հաշվին, իսկ այլ պարտավորությունների գծով հաշվարկվել են տույժեր:

Հաջորդ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու դրույթը կիրառվում է 2017թ. 2-րդ կիսամյակից սկսած (2019թ. հուլիսի 1-ից կիրառվում է եռամսյակային կտրվածքով), մինչդեռ՝ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հաշվանցվում է միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած՝ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

Հարկ է նշել նաեւ, որ հարկային մարմնի վերլուծության արդյունքներով պարզվել է, որ 2017-2018թթ. ընթացքում հարկային մարմին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ներկայացված հայտերով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող ընդհանուր գումարում հիմնավորված գումարի ամենափոքր շեղումներն արձանագրվել են 20-40 մլն դրամ միջակայքում, իսկ առավելագույն շեղումները՝ 40-100 մլն դրամ միջակայքում: ԱԱՀ-ի գումարների միասնական հաշվին մուտքագրման պարզեցված ընթացակարգը կիրառելու համար հիմք է ընդունվել ամենափոքր շեղումներ արձանագրված միջակայքի նվազագույն սահմանը, ինչը որոշակիորեն ստեղծում է ոչ հավասար մոտեցումներ ամենափոքր շեղումներ թույլ տված (20-40 մլն դրամ) հարկ վճարողների համար:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման նպատակով առաջարկվում է սահմանել հետեւյալ հերթականությունը: ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունները մարվում են նախ տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին (այդ թվում՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին)), ապա միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետեւ՝ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Արդյունքում, հարկ վճարողի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունները նախ կմարվեն նաեւ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին, իսկ միասնական հաշվում առկա գումարները կուղղվեն այլ պարտավորությունների մարմանը, որը հնարավորություն կտա այդ պարտավորությունները կատարել սահմանված ժամկետում եւ խուսափել դրանց գծով տույժերի հաշվարկից:

Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողի՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու դրույթը կիրառել նաեւ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար, ինչը հնարավորություն կտա այդ գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրել միասնական հաշվին եւ մարել հարկ վճարողի ցանկացած այլ հարկային պարտավորություն կամ դրանց բացակայության դեպքում վերադարձնել հարկ վճարողին:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնելով 40 մլն դրամ:

Նախագծով առաջարկվում է պարզեցված ընթացակարգը կիրառել ոչ միայն ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարի փոխհատուցման համար, այլեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, իսկ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի փոխհատուցման համար:

Նախագծով առաջարկվում է նաեւ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` նախագիծն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչեւ 5 մլն դրամ մնացորդը մուտքագրել պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողի միասնական հաշվին, առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման եւ օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:

Կարգավորման առարկան.

ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականության վերանայում, 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու հնարավորության ստեղծում, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման պարզեցված ընթացակարգի կիրառում նաեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, իսկ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի փոխհատուցման համար, պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափի բարձրացում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում՝

1) կվերանայվի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին (այդ թվում՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին),

2) ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաեւ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները,

3) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման պարզեցված ընթացակարգը կտարածվի նաեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, իսկ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի փոխհատուցման համար,

4) կվերանայվի պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը. այն 20 մլն դրամից կդառնա 40 մլն դրամ,

5) նախագիծն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչեւ 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման համար կկիրառվի առավել պարզ մեխանիզմ (առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման եւ առանց Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության):



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1193 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 13
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1193-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ