Armenian ARMSCII Armenian
Կ-302-03.10.2019-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                         
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Սույն օրենքի նախագիծը մշակվել է ուժը կորցրած ճանաչելու համար  անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը:

Այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով՝

Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը եւ ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել եւ կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, եւ այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության եւ քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ  մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության եւ զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանությունը: Նմանատիպ տվյալների հրապարակումը անխուսափելիորեն հանգեցնելու էր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների սնանկացման, ինչպես նաեւ հանրային լուրջ դժգոհությունների:  Ուստիեւ այն չկիրառվեց եւ չի կիրառվում: Իրավական առումով նաեւ խնդրահարույց էր առանց անձի համաձայնության իր առեւտրային կամ անձնական տվյալների հրապարակումը եւ բացահայտումը հասարակության լայն զանգվածներին: Այդ տվյալների հրապարակման նպատակը ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիության ապահովումն էր, եւ նշված նպատակին հասնելու իրավաչափ եղանակ չէր կարող լինել կոնկրետ անձի տվյալների հրապարակումը, քանի որ կխաթարվեին առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանության միջազգայնորեն ընդունված համաչափության եւ այլ իրավական սկզբունքները:

Օրենքի նշված նորմի ընդունումից հետո նաեւ միջազգային կառույցների փորձագետները արտահայտեցին խիստ բացասական վերաբերմունք եւ  արդյունքում  որոշում կայացվեց գնալ վարկային բյուրո ստեղծելու հայեցակարգի մշակման եւ համապատասխան օրենքի ընդունման ճանապարհով, ինչը հենց կիրառվում է զարգացած երկրներում եւ ապացուցել է իր արդյունավետությունը: Վարկային բյուրոներում վարկային տեղեկատվության հավաքագրման մոտեցումը զերծ կպահեր հասարակության լայն զանգվածներին զգայուն տեղեկատվության հասանելիությունից եւ միաժամանակ կապահովեր ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությունն ու համակարգի կայունությունը` ապահովելով անձնական տեղեկատվության պահպանման միջազգայնորեն ընդունված սկզբունքները:

Այժմ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով է համապարփակ կարգավորվում նշված հարաբերությունները: Այդ կարգավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին:

Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը չի կիրառում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված դրույթը, քանի որ այն հնացած է եւ չի համապատասխանում ներկայիս օրենսդրությամբ ներդրված սկզբունքներին?

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կվերացվեն գործող անհստակությունները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է եւ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԱՅԻՆ  ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ   ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

12 սեպտեմբերի 2019 թվականի  N   1196 - Ա


«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ   է.

1. Հավանություն տալ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 16
         Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1196-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
 
Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ