Armenian ARMSCII Armenian
Կ-320-17.10.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նախկինում հանցագործություն կատարած» բառերը փոխարինել «դատվածություն ունեցող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 27-րդ հոդվածի.

1) 2-րդ մասում՝

ա. առաջին նախադասությունում «6 ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի՝ բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի» բառերով.

բ. երկրորդ նախադասությունում «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները» բառերը.

2) 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կարգապահական տույժ տալու մասին հրամանը եւ/կամ հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումը ստորագրությամբ ներկայացվում է զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է նաեւ քաղվածք՝ կարգապահական տույժ տալու մասին հրամանից եւ/կամ հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումից:».

3) լրացնել 4.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Զինծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը կասեցվում է՝ զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարմանը ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու դեպքերում, իսկ այդ հանգամանքների վերանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) եւ նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ միաժամանակ ուղարկելով ծառայողական քննության նյութերի պատճենները, եւ ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 5-րդ մասում «ծառայողական քննություն,» բառերից հետո լրացնել «ծառայողական քննությանը մասնակցելու պահից գրավոր ծանոթացվում է անցկացվող ծառայողական քննության շրջանակներում իր իրավունքներին եւ պարտականություններին,» բառերը.

5) 8-րդ մասի առաջին նախադասությունում «իրավունքը» բառից հետո լրացնել «կամ եթե կարգապահական տույժը չի բողոքարկվել» բառերը.

6) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել կարգապահական տույժը կիրառած հրամանատարի (պետի) նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգապահական իրավունք ունեցող վերադաս հրամանատարին (պետին)՝ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում, կամ երկամսյա ժամկետում՝ դատական կարգով: Քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը (պետը) իրավունք ունի`

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչել անվավեր.

2) մերժելու բողոքը` կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը թողնելով անփոփոխ:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «կարող են հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում են» բառերով.

2) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերում «կարող է հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում է» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում «որպես խրախուսանք» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ եւ 44-րդ հոդվածներում «արտահերթ» բառից առաջ լրացնել «աշխատանքի» բառը:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայողական քննությունների անցկացման, կարգապագական տույժերի տրման, տրված կարգապահական տույժերը բողոքարկելու գործընթացին վերաբերող օրենքի կարգավորումներ հստակեցնելու հանգամանքով: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաեւ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 199.4-րդ կետով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի գործողության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Մասնավորապես, օրենքով սահմանվում է, որ կարգապահական խախտումը համարվում կոպիտ եւ դրա համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է՝ եթե այն կատարվել է նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից: Տվյալ պարագայում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգավորումների համաձայն դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում են դատվածության հետ կապված իրավական հետեւանքները, որի պարագայում եթե նախկինում կատարած հանցագործության շրջանակներում զինծառայողը չունի դատվածություն, ապա այն չի կարող դիտվել որպես ծանրացնող հանգամանք: Բացի այդ, օրենքում նախատեսված չեն ծառայողական քննության կասեցման հիմքերը, հստակեցված չեն այն ժամանակահատվածները, որոնց հաշվառմամբ կարող է տրվել կարգապահական տույժը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողին տեղեկացնելու, զինծառայողի կողմից այն բողոքարկելու եւ դրա արդյունքներով կայացվող որոշումների վերաբերյալ դրույթները: Որոշակի խնդիրներ էր առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ օրենքի 23-րդ հոդվածում սահմանված է «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժը, սակայն օրենքի 5-րդ գլխում օգտագործվում է արտահերթ վերակարգի նշանակումը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության պատշաճ կազմակերպումը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է, որ կարգապահական իրավախախտումը ծանրացնող հանգամանք է հանդիսանում իրավախախտումը դատվածություն ունեցող զինծառայողի կողմից կատարելը, սահմանվում է նյութական վնաս հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը, ինչպես նաեւ այն ժամանակահատվածները, որոնք հաշվի են առնվում կարգապահական տույժ տալու համար սահմանված առավելագույն ժամկետում, նախատեսվում են կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու դրույթներ եւ ծառայողական քննության կասեցման հիմքերը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողի կողմից բողոք ներկայացնելու եւ բողոքի քննարկման արդյունքներով ընդունվող որոշումները, կարգապահական տույժերի հանման շրջանակներում նախատեսվում է նաեւ այն դեպքը երբ տույժը հանվել է բողոքարկման արդյունքում, կարգապահական իրավախախտումների տեսակները սահմանող հոդվածներում հստակեցվում են կարգապահական տույժերի անվանումները:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարի 2012թ. սեպտեմբերի 20-ի N 991-Ն որոշմամբ հաստատված ծառայողական քննության անցկացման կարգում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1351 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 7
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1351-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ