Armenian ARMSCII Armenian
Կ-342-05.11.2019-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, ինչպես նաեւ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու եւ հանձնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների վերաբերյալ    Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները գրականության եւ արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների, ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծերի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինությունների կամ համալիրների), ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում` հայրենական ու միջազգային գիտությունը էապես հարստացրած եւ գիտատեխնիկական առաջընթացի վրա էական ազդեցություն ունեցող նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի), հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների, աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում` ակնառու գիտական աշխատանքի, բարձր տեխնոլոգիաների բնագավառում` ոլորտի զարգացման եւ կատարելագործման, ինչպես նաեւ ակնառու ձեռքբերումների ճանաչման, գնահատման եւ խրախուսման ձեւ են:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներն են`

1) գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

2) երաժշտության եւ կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6) ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7) ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8) հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9) աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

3. Կառավարությունն իրավասու է սահմանելու Հայաստանի Հանրապետության մրցանակների այլ տեսակներ, որոնց շնորհման եւ հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 4. Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) եւ աշխատանքները մրցանակի ներկայացնելը

1. Նույն ստեղծագործությունը, հայտնագործությունը (գյուտը) եւ աշխատանքը մրցանակի կարող է ներկայացվել միայն մեկ անգամ:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) եւ աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել եւ այլն) են`

1) գրականության, հրապարակախոսության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների, հումանիտար եւ հասարակական գիտությունների, աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում` մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում.

2) բարձր տեխնոլոգիաների ոլորտում` մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում:

3. Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) եւ աշխատանքները մրցանակի հայցման ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման առաջարկություն ներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացվում համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարի կողմից:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հավակնորդների ընտրությունը

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) եւ աշխատանքների հեղինակներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ավանդ ունեցած անձանց:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) եւ աշխատանքները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում եւ անցկացնում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողովներ):

3. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակների թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի (այսուհետ` մրցանակաբաշխության կոմիտե) կողմից:

4. Հանձնաժողովներից յուրաքանչյուրը, մրցանակաբաշխության կոմիտեն բաղկացած են առնվազն ինը անդամից:

5. Հանձնաժողովների անդամները եւ մրցանակաբաշխության կոմիտեի անդամները համապատասխանաբար հանձնաժողովների եւ մրցանակաբաշխության կոմիտեի կազմում ընդգրկվում են իրենց համաձայնությամբ եւ իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

6. Հանձնաժողովները, մրցանակաբաշխության կոմիտեն ստեղծվում եւ դրանց անհատական կազմերը հաստատվում են համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարի կողմից:

7. Հանձնաժողովների եւ մրցանակաբաշխության կոմիտեի կազմավորման եւ գործունեության կարգերը սահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհումը

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհում է վարչապետը` համապատասխան որոշմամբ:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, բացառությամբ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի, շնորհվում են երկու տարին մեկ անգամ:

3. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնումը

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձ?նում է վարչապետը կամ վարչապետի հանձնարարությամբ Կառավարության այլ ան?դամ:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձնելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը ստեղծագործության համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգեւը հավասար բաշխվում է համահեղինակների միջեւ, յուրաքանչյուրին հանձնվում է նաեւ կրծքանշան եւ վկայագիր:

4. Մահացած դափնեկրի կրծքանշանը եւ վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգեւը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՔՆԵՐԸ

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների բաղադրիչները

1. Գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության եւ կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների, հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտներում որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի կրծքանշան, վկայագիր եւ դրամական պարգեւ:

2. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան` այն հավաստող հավաստագրով, դրամական պարգեւ, ինչպես նաեւ դրամական միջոցներ` սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով տնօրինելու իրավունքով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դրամական միջոցները, մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետեւյալ նպատակների`

1) գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը.

2) գիտաշխատողների` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորմանը.

3) Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը.

4) պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին ուղղելու համար.

5) դափնեկրի (դափնեկիրների) եւ մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:

4. Մրցանակակիրը սույն հոդվածի 3-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված միջոցառումների ֆինանսական միջոցների չօգտագործման կամ ոչ լրիվ օգտագործման դեպքում հավելյալ միջոցներն ուղղում է սույն հոդվածի 3-րդ մասի            1-ին կետով նախատեսված մրցույթի կազմակերպմանը, իսկ վերջինիս ֆինանսական միջոցների չօգտագործման կամ ոչ լրիվ օգտագործման դեպքում հավելյալ ֆինանսական միջոցները գումարում է գիտական հետազոտությունների աջակցության հաջորդ մրցույթի կազմակերպման ֆինանսական միջոցներին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանները, միջոցառումների համակարգման, վերահսկման, ինչպես նաեւ դրամական միջոցները մրցանակակրին փոխանցելու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր եւ հուշախորհրդանիշ:

7. Գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում շնորհվող Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձեւը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը եւ ձեւը, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկրի վկայագրի ձեւը, դափնեկրի հուշամեդալի, հուշախորհրդանիշի նկարագրությունը եւ ձեւը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձեւը, պատվոնշանի ձեւը եւ նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձեւը սահմանում է Կառավարությունը:

8. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում նշված դրամական պարգեւների եւ դրամական միջոցների չափերը սահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակաբաշխության եւ մրցանակի հավաստիքների պատրաստման ֆինանսավորումը

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների գործունեության, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների, հուշամեդալների, հուշախորհրդանիշի, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի, պատվոնշանի եւ այն հավաստող հավաստագրի պատրաստման եւ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մաս կազմող դրամական պարգեւների եւ դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ, 8-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված իրավական ակտերը: