Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-373-15.11.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՀՕ-280-Ն ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածում ավելացնել 11-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«11.Դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նախքան վերոնշյալ ժամկետի ավարտը լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության, ռազմավարությունից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխությունների եւ դրանով պայմանավորված ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման նպատակով»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք եւ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող այն իրավաբանական անձանց ցանկը, որոնք չունեն շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացություն կամ որոնց տրամադրված շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն կորցրել է ուժը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ՝ լիազոր մարմին) իր պաշտոնական կայքում հրապարակում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք եւ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ առկա են Օրենսգրքի 30-րդ հոդվածով նախատեսված գրավոր զգուշացում տալու հիմքեր՝ միեւնույն ժամանակ սույն մասում սահմանված ժամկետում այդ ընդերքօգտագործողներին տալով գրավոր զգուշացում եւ իր պաշտոնական կայքում հրապարակելով յուրաքանչյուր ընդերքօգտագործողին տրված զգուշացման տեքստը:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 150-րդ օրը լիազոր մարմին իր պաշտոնական կայքում հրապարակում է.

1) այն ընդերքօգտագործողների ցանկը, որոնք չեն վերացրել սույն հոդվածի 2-րդ մասում նշված զգուշացման պատճառները եւ որոնց ընդերքօգտագործման իրավունքն այդ հիմքով դադարեցվել է,

2) այն ընդերքօգտագործողների ցանկը, որոնք վերացրել են սույն հոդվածի 2-րդ մասում նշված զգուշացման հիմքերը՝ միեւնույն ժամանակ հրապարակելով նաեւ զգուշացման պատճառները վերացված լինելու մասին վկայող հանգամանքները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ ենթակետերը չեն սահմանափակում լիազոր մարմնին ընդերքօգտագործողներին տալու գրավոր զգուշացում նաեւ հետագայում հայտնաբերված հանգամանքների հիմքով:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը չի տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելու պահը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ժամկետների երկարաձգման կամ ծավալների ընդլայնման նախնական գնահատման հայտերի, նախագծերի եւ հիմնական հաշվետվությունների հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընդերքի մասին ՀՀ գործող օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) խաթարված է իրավակարգավորման տրամաբանական համակարգվածությունը: Օրենսգիրքն իրենից պետք է ներկայացնի իրավահարաբերությունների հաջորդական եւ տրամաբանական իրավական կարգավորման համակարգ, մինչդեռ Օրենսգրքի ներկայիս խմբագրությունն իրենից ներկայացնում է ընդամենը իրավական նորմերի համախումբ: Գործող օրենսգիրքը չի նպաստում ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանը, ընդերքօգտագործման ոլորտում հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռման եւ ոլորտի կանխատեսելիության ապահովմանը: Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ օրենսդրական բացեր, դրանով ընդլայնվել է վարչական մարմինների հայեցողության շրջանակները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոլորտում կոռուպցիայի առկայության համար:

Վերոնշյալ եւ նմանատիպ այլ գործոնների արդյունքում հարցականի տակ է դրվում պետության ռազմավարական ռեսուրսի՝ ընդերքի սպառման եւ օգտագործման՝ պետության եւ քաղաքացու համար օգտավետության եւ արդյունավետության հարցը: Վերոնշյալ գործիքների բացակայությունը խաթարում է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան նորմի լիարժեք կիրառումը, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին ենթակետը. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջեւ»:

Վերը նշված պատճառներով ներկայումս օրակարգային խնդիր է ընդերքօգտագործման ոլորտի զարգացման նոր ռազմավարության հաստատումը, որով կնախանշվեն այս ոլորտի օրենսդրական բարեփոխումների իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման նոր եւ համակարգված ուղենիշները, ինչպես նաեւ պետության կողմից իր ռազմավարական ռեսուրսի օգտագործման եւ կառավարման հիմնական ուղղություններն ու սկզբունքները՝ համահունչ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի, ՀՀ ներպետական օրենսդրական եւ ինստիտուցիոնալ շրջանակի: Միեւնույն ժամանակ, նշված նպատակների իրագործումը աշխատատար եւ երկարատեւ գործընթաց է, մինչդեռ ներկայիս անկատար օրենսդրական կարգավորումների եւ սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների պայմաններում շարունակում են տրվել ընդերքօգտագործման նոր թույլտվություններ, որոնք առաջացնում են նորանոր էկոլոգիական, իրավական, տնտեսական, անվտանգային եւ այլ խնդիրներ: Հետեւաբար, սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է, առաջին հերթին, սահմանել որոշակի մորատորիում՝ նոր ընդերքօգտագործման թույլտվությունների ժամանակավոր արգելքի տեսքով: Նշված մորատորիումը հնարավորություն կտա առավել կառուցողական եւ հանգիստ պայմաններում ձեռնամուխ լինել վերը նշված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացմանը՝ այդ ընթացքում չառաջացնելով նոր թույլտվությունների հետ կապված լրացուցիչ խնդիրներ:

Առաջարկվող հաջորդ փոփոխությունը միտված է օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը: Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի ներկայիս խմբագրության համաձայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները: Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ մի քանի սահմանափակ թվով դեպքերի: Այս երկու իրավանորմերը հնարավորություն են տալիս անբարեխիղճ տնտեսվարողներին արհեստականորեն երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործընթացը, քանի որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը հայց ներկայացնել դատարան, որից հետո օրենքի ուժով տեղի է ունենում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին վարչական ակտի գործողության կասեցում եւ դատավարության ողջ ընթացքում, որը միջինում տեւում է 2-3 տարի, ընդերքօգտագործողը կարող է շարունակել ընդերքօգտագործման աշխատանքների իրականացումը: Մինչդեռ, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում շատ հաճախ առկա է լինում օպերատիվ միջամտության անհրաժեշտություն, քանի որ այս ոլորտի պարագայում որոշ դեպքերում գործ ունենք էկոլոգիական ռիսկերի, մարդկանց կյանքի եւ առողջության համար անդառնալի հետեւանքների առաջացման հնարավորություն ունեցող գործունեության հետ: Այս կապակցությամբ սույն օրենսդրական փաթեթով առաջարկվում է լրացում եւ փոփոխություն կատարել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում:

Օրինագծի անցումային դրույթներով պայմաններ են ստեղծվում օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում մետաղական ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման գործընթացին հստակություն եւ հրապարակայնություն հաղորդելու համար: Ըստ հանրամատչելի աղբյուրների՝ ներկայումս, օրինակ, տրամադրված է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման շուրջ երեք տասնյակ թույլտվություն: Մինչդեռ, կրկին ըստ հանրամատչելի աղբյուրներում առկա տեղեկատվության, նման թույլտվություն ունեցող ընկերությունների մոտ 1/3-ն է իրականացնում փաստացի գործունեություն, իսկ մյուսները, եթե փաստացի գործունեություն չեն իրականացնում, ապա օրենսդրությունը դրա հետ կապում է կոնկրետ իրավական հետեւանքներ ի դեմս ՇՄԱԳ փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու եւ ընդերքօգտագործողին գրավոր զգուշացում տալու եւ այնուհետեւ ընդերքօգագործման իրավունքը դադարեցնելու: Նման պայմաններում անցումային դրույթներում առաջարկվող կարգավորումները միտված են այս գործընթացը հանրության համար տեսանելի եւ ընկալելի դարձնելուն:



ՀՀ Ազգային ժողովի նախագահ

պարոն Արարատ Միրզոյանին
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

Օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան)

Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը

Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 8 էջ:

Հարգանքով`

Մերի Գալստյան

Վարազդատ Կարապետյան

Լենա Նազարյան

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ