Armenian ARMSCII Armenian
Պ-278-12.09.2019,02.12.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի՝

ա. «3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքը» բառերը փոխարինել «համայնքը, անկախ բնակչության քանակից,» բառերով,

բ. 8-րդ կետը «ձեւաթղթերը» բառից հետո լրացնել «եւ տրամադրված թույլտվությունների քանակի եւ տեսակի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը» բառերով,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-18-րդ կետերով.

«15) համայնքում առկա համայնքային կառույցների (կրթական, մշակութային եւ այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) եւ (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).

16) համայնքապետարանի եւ դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները.

17) համայնքում պետական եւ համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը.

18) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը եւ ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում 9-րդ մասի «10000» թիվը փոխարինել «3000» թվով:

Հոդված  4. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաեւ 3-րդ հոդվածով նախատեսված դրույթները 2022 թվականի հունվարի 1-ից սկսում են տարածվել բոլոր համայնքների վրա՝ անկախ դրանց բնակչության թվից: