Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-324-23.10.2019,02.12.2019-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«շրջիկ առեւտրի կետեր՝ ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ եւ/կամ դրանց կցորդներ.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր՝ 5.2., 5.3. եւ 5.4. հոդվածներով.

«Հոդված 5.2. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը

1. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երեւանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման, մերժման կարգը եւ պայմանները սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

2. Շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները եւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման թույլատրելի  ժամերը սահմանվում են Երեւան համայնքի ավագանու որոշմամբ:

Շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երեւանի քաղաքապետարանի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, իսկ դրանց հատկացման տեւողությունը չի կարող գերազանցել  օրական 14 ժամը եւ առավելագույնը մինչեւ ժամը 23:00:

3. Շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում են եւ համապատասխան նշանով կահավորվում են Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:

Նշված վայրերում  կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առեւտրի կետերը, որոնք շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո:

4. Շրջիկ առեւտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների սանիտարական կանոններին եւ նորմերին համապատասխան անվտանգությունը եւ որակը պահպանելու համար:

5. Երեւան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորային միջոցից եւ/կամ դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որեւէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,  արգելվում է:

Հոդված 5.3. Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը

1. Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը իրավունք ունի սույն օրենքի 5.2. հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված վայրերում կայանած շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե.

1) շրջիկ առեւտրի կետը չունի սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվություն կամ շրջիկ առեւտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը.

2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը  անհապաղ չի ազատում տարածքը կամ բացակայում է նշված տարածքից:

2. Շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

3. Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը կազմում է շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում  կամ ուղարկում է շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը՝ վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաեւ համապատասխան հայտարարություն է տեղադրվում www.yerevan.am կայքում:

4. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով՝ սկսած հատուկ տարածքում այն տեղափոխելու պահից:

5. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

6. Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու եւ այնտեղ պահպանելու համար գանձվում է վճարներ, որոնց չափը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:

7. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է, այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխման եւ պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

8. Շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:

Հոդված 5.4. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջածախ առեւտուր իրականացնելը

1. Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ վարչական շրջանի ղեկավարը:

2. Շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջներ, պայմաններ, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանում է Երեւան համայնքի ավագանին:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունում «մասով» բառից հետո լրացնել «5.2.-րդ հոդվածի 1-4-րդ մասերով եւ 5.3-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ