Armenian ARMSCII Armenian
Պ-293-24.09.2019,02.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ մասով եւ 4-րդ մասերով.

«1.1 Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:»:

«4. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված տեղական հանրաքվեի դրվող հարցը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Համաձա՞յն եք ... (նշվում են կառավարության ներկայացրած նախագծում ներառված բոլոր համայնքների անվանումները) համայնքների միավորմանը (բաժանմանը):»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով.

«2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչեւ նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 7.1-ին հոդվածով.

«7.1 Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համայնքի բնակիչների կողմից հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը

1.Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը պաշտոնապես ծանուցում է համապատասխան համայնքների ղեկավարներին:

2. Լիազոր պետական մարմնի կողմից ծանուցվելուց հետո համայնքների ղեկավարները եռօրյա ժամկետում իրազեկում են համապատասխան համայնքների բնակիչներին` համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաեւ այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր հինգ հարյուր բնակչի համար, փակցնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խումբը դիմում է համայնքի ղեկավարին համայնքի բյուջեում տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորության հարցմամբ:

4. Հարցումը ստանալուց հետո համայնքի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ համայնքում տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հարցմամբ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մարմինները 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարին տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը:

6. Տեղեկատվությունը ստանալուց հետո համայնքի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին տրամադրում է տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկանք:

7. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը նախաձեռնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցի վերաբերյալ նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց առնվազն 20 տոկոսի միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան ընտրական հանձնաժողովին ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:»

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «7-րդ» բառերից հետո լրացնել «7.1-ին» բառերը:

2) 1-ին մասում «հակասում է օրենքին» բառերից հետո լրացնել «կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ» բառերը:

3) 3-րդ մասում «որոշումն ընդունելուց» բառերից հետո լրացնել «կամ նախաձեռնող խմբի կողմից հավաքված եւ անհրաժեշտ քանակի ստորագրությունների վավերականության հաստատման մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց» բառերը:

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը եւ տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով: Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս դրանք լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում փաստաթղթերը չլրացնելու դեպքում ներկայացված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գրությամբ վերադարձվում են համայնքի ղեկավարին:»:

5) 5-րդ մասի գործողությունը դադարեցնել:

Հոդված 5.

1. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով.

«2.1 Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված հարցի նախաձեռնության դեպքում Նախաձեռնող խումբը գրանցման համար կարող է դիմել սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից իրազեկվելուց հետո 5 օրյա ժամկետում:»:

2. Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«17. Նախաձեռնող խումբը ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է գրանցվելուց հետո՝

1) 60 օրվա ընթացքում,

2) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ 90 օրվա ընթացքում,

3) սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 30 օրվա ընթացքում:»:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել նոր պարբերություն.

«Խորհրդատվական բնույթի տեղական հանրաքվե անցկացվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը որեւէ որոշում չի կայացնում եւ քվեարկության արդյունքների արձանագրությունը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին եւ կառավարության լիազորած պետական մարմնին:»

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ