Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-426-17.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 06-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 15-րդ հոդվածի իններորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.

«Քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված անձանց հետ, բացառությամբ եթե այդ անձիք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա:»:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «մուտքի եւ ելքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրում եւ կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց հետ անարգել տեսակցելու» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը սահմանում է այն պաշտոնատար եւ այլ անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն:

Այս նորմը, սակայն, բազմաթիվ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պրակտիկայում ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու համար այս նորմին հղում տալիս ՁՊՎ-ներում եւ ՔԿՀ-ներում առաջանում են խոչընդոտներ, քանի որ այստեղ բառացիորեն չի նշվում, որ ՁՊՎ եւ ՔԿՀ մուտքի իրավունքը ներառում է նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու հնարավորությունը:

Ըստ այդմ, առաջարկվում է լրացում կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ եւ 48-րդ հոդվածներում՝ բառացիորեն շեշտադրելով, որ համապատասխան անձիք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին պահելու վայրում եւ կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց հետ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՈՐՈՇՈւՄ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի դեկտեմբերի ___-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

126 Է. Մարուքյան
125 Գ. Գորգիսյան
123 Ս. Ալեքսանյան
116 Ա. Խաչատրյան
124 Գ. Բաղդասարյան
117 Ա. Սամսոնյան
127 Մ. Թանդիլյան
118 Հ. Բաբայան
128 Է. Անդրեասյան
119 Ա. Եղիազարյան
129 Ռ. Ստեփանյան
120 Ա. Կոստանյան
130 Տ. Սիմոնյան
121 Կ. Սիմոնյան
131 Հ. Այվազյան
122 Ս. Գրիգորյան
132 Ս. Մինասյան

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են գործող օրենքում առաջարկվող լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 07 թերթ:
 
 

Հարգանքով՝  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ