Armenian ARMSCII Armenian
Կ-43813-10.01.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաեւ մինչեւ գործի հարուցումը առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների տրամադրման վերաբերյալ գործերը:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 39.1
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 291.1. Դիմումը ներկայացնելը

1. Օրենքով կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, դատարանի որոշման հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացված դիմումը քննվում է սույն գլխով նախատեսված կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան օրենքով կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով:

Հոդված 291.2. Օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների տրամադրման վերաբերյալ գործի տարածքային ընդդատությունը

1. Օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների տրամադրման դիմումը ներկայացվում է դիմողի բնակության (գտնվելու) վայի ընդհանուր իրավասության դատարան:

Հոդված 291.3. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Դիմումը պետք է պարունակի`

1) հղում այն իրավական ակտին, որտեղ ամրագրված է դատարանի որոշման հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ ստանալու դիմողի իրավունքը.

2) օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ ստանալու համար օրենքով կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված պայմանները բավարարված լինելու վերաբերյալ տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

Հոդված 291.4 .Դիմումի քննությունը

Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու եւ վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

Հոդված 291.5 .Դատարանի վճիռը

1. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ՝ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ տրամադրելու կամ դրանց տրամադրումը մերժելու մասին:

2. Օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ տրամադրելու մասին վճռում նշվում են՝

1) անձի տվյալները, ում պետք է տրամադրվեն օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները,

2) այն տեղեկությունները, որոնք պետք է տրամադրվեն,

3) տեղեկությունները տրամադրելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ տրամադրման կարգը,

4) դատարանի որոշումը չկատարելու հետեւանքների մասին պարզաբանում,

5)  տեղեկությունների տրամադրման փաստի գաղտնիությունը պահպանելու պարտականության մասին պարզաբանում, եթե այդպիսի պարտականություն նախատեսված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով:

3. Oրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ տրամադրելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշման դեմ, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչեւ հայցադիմումի ներկայացումը՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության դեպքում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: