Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-064-31.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր եւ միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) սուբյեկտների չափորոշիչները, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության հիմնական ուղղությունները եւ այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:

ՓՄՁ  ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Սույն օրենքը կարգավորում է այն հասարակական հարաբերությունները, որոնք առաջանում են պետական ու տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ` կապված ՓՄՁ զարգացման եւ պետական աջակցության հետ:

Սահմանում եւ դասակարգում է ՓՄՁ սուբյեկտները, նրանց տարբերակող սահմանային հատկանիշները, ՓՄՁ զարգացման եւ պետական աջակցության հիմնական ուղղությունները, սկզբունքները ու նպատակները, ինչպես նաեւ պետական  աջակցության ձեւերն ու տեսակները:

3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում վարկային, ապահովագրական եւ ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաեւ դուստր եւ կախյալ տնտեսական ընկերությունների վրա:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում  օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.

1. Փոքր (այդ թվում` նաեւ գերփոքր) եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ` սույն օրենքով սահմանված սուբյեկտային հատկանիշներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ` իրավաբանական անձինք, կամ անհատ ձեռնարկատերեր, կամ առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով ամրագրաված իրավունք ունեցող սուբյեկտներ (գյուղացիական ֆերմերային տնտեսությունները, մասնավոր օժանդակ տնտեսություն վարող անձինք):

2. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական ծրագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտեր, որոնցում սահմանվում են այն միջոցառումների ցանկերը, որոնք ուղղված են ՓՄՁ զարգացման պետական քաղաքականության իրականացմանը` դրանց ֆինանսավորման աղբյուրներին ու չափին, նշված միջոցառումների իրականացման համար պատասխանատու գործադիր իշխանության մարմինները, իրականացման ժամկետները եւ գործունեության արդյունավետության ապահովման այլ միջոցառումների մասին նորմատիվները:

3. Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցություն (այսուհետ`աջակցություն)` պետական կառավարման մարմինների եւ համապատասխան ենթակառուցվածքների` ՓՄՁ զարգացման պետական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացմանը ուղղված գործունեություն:

4. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման տարածքային ծրագրեր` Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտեր, որոնցում սահմանվում են այն միջոցառումների ցանկերը եւ ժամանակացույցը, որոնք ուղղված են ՓՄՁ զարգացման պետական քաղաքականության իրականացմանը համապատասխան մարզի վարչական տարածքում, իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրներն ու չափը, դրանց արդյունավետության ապահովման այլ անհրաժեշտ իրավական եւ նորմատիվ մեխանիզմներ:

Հոդված 3. ՓՄՁ սուբյեկտները

1. Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են՝

1) գերփոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.

2) փոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.

3)միջին՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը եւ 1000 մլն դրամը:

2. Նոր ստեղծված կազմակերպությունները  կամ նոր գրանցված անհատ ձեռնարկատերերը գրանցվում են որպես ՓՄՁ սուբյեկտ, եթե պետական գրանցման օրվանից մինչեւ ՓՄՁ աջակցության նպատակով տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վարվող գրանցամատյանում գրանցվելու օրը  անցած ժամանակահատվածում նրանց ցուցանիշները չեն գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանային ցուցանիշները:

Հոդված 4. Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները

ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական նպատակներն են.

1. համախառն ներքին արդյունքի ծավալում ՓՄՁ սուբյեկտների արտադրած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաժնեմասի ավելացումը.

2. ՓՄՁ հարկային եւ մաքսային հարաբերությունների կատարելագործումը.

3. արտահանման կառուցվածքում ՓՄՁ կողմից թողարկված արտադրանքի կամ ծառայությունների մասնաբաժնի մեծացումը.

4. ՓՄՁ սուբյեկտների մրցունակության ապահովումը.

5. բնակչության զբաղվածության ապահովումը եւ ինքնազբաղվածության զարգացումը.

6. ՓՄՁ սուբյեկտների հարաբերություններում հավասար մրցակցային պայմանների ապահովումը.

7. ՓՄՁ սուբյեկտների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումը, այդ թվում` ֆինանսական (վարկային) միջոցների մատչելիության, ներքին սպառողական շուկայի կարգավորման, արտահանման ողջամիտ հնարավորության եւ այլ անհրաժեշտ պայմանների ընձեռմամբ:

Հոդված 5. ՓՄՁ պետական աջակցության հիմնական ուղղությունները

ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`

1. բարենպաստ իրավական դաշտի ձեւավորումը,

2. ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,

3. աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը եւ զարգացումը,

4. տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցությունը,

5. արտաքին տնտեսական գործունեության խթանումը,

6. նորարարական գործունեության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,

7. բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,

8. կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը,

9. վիճակագրական հաշվետվությունների եւ հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը,

10. պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:

Հոդված 6. ՓՄՁ աջակցության պետական ծրագիրը

ՓՄՁ պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր):    Ծրագիրը յուրաքանչյուր տարվա համար մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակայություններից: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով:

Ֆինանսավորման շեմը սահմանվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական  բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5 տոկոսի չափով:

Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:

Ծրագրում սահմանվում են նորարարական գործունեության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, արտահանմանը միտված ապրանքներ արտադրող եւ ծառայություններ մատուցող ՓՄՁ սուբյեկտների աջակցության ձեւերն ու ուղղությունները հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գերակա հռչակված ճյուղերում ՓՄՁ սուբյեկտների պետական օժանդակության պայմանները եւ ուղիները:

Հոդված 7. ՓՄՁ-ի աջակցության պետական ծրագրի իրականացման սկզբունքները

Ծրագրի իրականացման սկզբունքներն են`

1. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի (ԶԱԿ) եւ Ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող այլ կառույցների միջոցով.

2. Ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային եւ արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտներին, ինչպես նաեւ սկսնակ գործարարներին.

3. Ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երեւան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող եւ սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը:

Հոդված 8. ՓՄՁ  աջակցության  եւ զարգացման հարցերով պետական իշխանության մարմինների իրավասությունները

ՓՄՁ սուբյեկտների զարգացմանն ուղղված՝ պետական իշխանության մարմինների իրավասություններն են`

1. ՓՄՁ զարգացման ոլորտում պետական քաղաքականության ձեւավորումն ու իրականացումը.

2. ՓՄՁ սուբյեկտների աջակցության սկզբունքների, ձեւերի եւ տեսակների առաջնային ուղղությունների որոշումը.

3. ՓՄՁ զարգացման պետական ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

4. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հիման վրա ՓՄՁ սուբյեկտների զարգացման ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ հիմնական ցուցանիշների, ինչպես նաեւ  ՓՄՁ սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների ձեւավորումը, կարճաժամկետ, միջնաժամկետ  ու  երկարաժամկետ  ծրագրերի իրականացումը.

5. պետական բյուջեի միջոցների հաշվին` ձեռնարկատիրական գործունեության քարոզչությունը եւ հանրայնացումը.

6. ՓՄՁ սուբյեկտների զարգացման տարածքային ծրագրերի աջակցությունը.

7. ՓՄՁ զարգացման ոլորտում օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների եւ կազմակերպությունների հետ համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում ներկայացուցչությունը.

8. պետական բյուջեի միջոցների հաշվին` ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական աջակցությունը, ներառյալ սուբսիդավորումը եւ վարկային տոկոսների կամ դրանց մի մասի փոխհատուցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 9. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

ՓՄՁ սուբյեկտների զարգացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1. ՓՄՁ զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ներդրումն ու իրականացումը համապատասխան վարչական տարածքում.

2. ՓՄՁ սուբյեկտների միջեւ միջմարզային համագործակցության զարգացման աջակցությունը.

3. ձեռնարկատիրական գործունեության քարոզումը եւ հանրայնացումը համապատասխան վարչական տարածքում.

4. ՓՄՁ զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների ու վարչատարածքային կառույցների հետ համագործակցությունը.

5. ՓՄՁ ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների ու դրանց զարգացման միջոցառումների արդյունավետության վերլուծությունը.

6. մարզերում ՓՄՁ զարգացման կանխատեսումները.

7. մարզերում ՓՄՁ սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների ձեւավորումը եւ դրանց գործունեության ապահովումը.

8. ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական, խորհրդատվական աջակցության կազմակերպումը.

9.արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտներին աջակցության տրամադրումը:

Հոդված 10. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման հարցերով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

ՓՄՁ սուբյեկտների զարգացման հարցերով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են`

1. ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների, դրանց զարգացման միջոցառումների արդյունավետության վերլուծությունը, ինչպես նաեւ համայնքներում ՓՄՁ զարգացման կանխատեսումները.

2. համայնքներում ՓՄՁ սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների կազմավորումն ու դրանց գործունեության ապահովումը.

3. ՓՄՁ սուբյեկտների տեղեկատվական, իրավաբանական, խորհրդատվական, մարքեթինգային եւ այլ մեթոդական բնույթի աջակցության կազմակերպումը, ինչպես նաեւ արտահանման կարողությունների ավելացման ապահովումը:

Հոդված 11. Եզրափակիչ մաս

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 12. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից, ուժը կորցրած ճանաչել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին»  Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի N ՀՕ-121  օրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, գործազրկության եւ աղքատության մակարդակի նվազման եւ այլ կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն օրենքի նախագծում սահմանված են փոքր ու միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) զարգացման ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները` համախառն ներքին արդյունքի ծավալում ՓՄՁ սուբյեկտների արտադրած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաժնեմասի ավելացումը, արտահանման կառուցվածքում ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկված արտադրանքի կամ ծառայությունների մասնաբաժնի մեծացումը, ՓՄՁ սուբյեկտների մրցունակության ապահովումը, պետական ռեգիստրում գրանցված եւ գործող կազմակերպությունների թվի մեջ ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշռի ավելացումը, բնակչության զբաղվածության ապահովումը, ինքնազբաղվածության զարգացումը եւ այլն:

Նախագծում սահմանված են ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղությունները` իրավական բարենպաստ դաշտի ձեւավորումը, ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը, աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը, տեղեկատվական եւ խորհրդատվական օգնությունը, արտաքին տնտեսական գործունեության խթանումը, բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը:

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անկյունաքարը հանդիսանում է ՓՄՁ աջակցության պետական ծրագրի ֆինանսավորման նվազագույն շեմի սահմանումը` տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական  բյուջեի ծախսային մասի առնվազն 0.5 տոկոսի չափով, ինչպես նաեւ ՓՄՁ սուբյեկտների զարգացմանն ուղղված պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ամրագրումը օրենքով:

ՓՄՁ աջակցության պետական ծրագրի ֆինանսավորման նվազագույն շեմի` ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0.5 տոկոսի չափով ամրագրումը ապահովում է ՓՄՁ պետական օժանդակության եւ աջակցության ծախսերի համարժեքությունը ընդհանուր բյուջետային ծախսերին:  Վերջինս ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ավելացմանը զուգահեռ ՓՄՁ աջակցության ֆինանսավորման տարեցտարի ավելացում: Նախագծում ամրագրվում են ՓՄՁ սուբյեկտների զարգացմանն ուղղված պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները:

Մասնավորապես` պետական կառավարման մարմինների իրավասություններն են` ՓՄՁ զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ձեւավորումն ու իրականացումը, ՓՄՁ սուբյեկտների աջակցության սկզբունքների, ձեւերի եւ տեսակների առաջնային ուղղությունների որոշումը, ՓՄՁ զարգացման պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հիման վրա ՓՄՁ սուբյեկտների զարգացման ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ հիմնական ցուցանիշների, ինչպես նաեւ  ՓՄՁ սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորումը, պետական բյուջեի միջոցների հաշվին ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական աջակցությունը, ներառյալ սուբսիդավորումը եւ վարկային տոկոսների կամ դրանց մի մասի փոխհատուցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

ՓՄՁ սուբյեկտների զարգացման հարցերով տարածքային կառավարման մարմիններին նախագծում վերապահված են հետեւյալ լիազորությունները` ՓՄՁ զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ներդրումն ու իրականցումը համապատասխան վարչական տարածքում, ՓՄՁ սուբյեկտների միջեւ միջմարզային համագործակցության զարգացման աջակցությունը, ձեռնարկատիրական գործունեության քարոզումը եւ հանրայնացումը, մարզերում ՓՄՁ զարգացման կանխատեսումները, ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական, խորհրդատվական աջակցության կազմակերպումը:

Նախագծում ՓՄՁ սուբյեկտների զարգացման հարցերով տեղական  ինքնակառավարման մարմինների լիազորությունները վերաբերում են հիմնականում ՓՄՁ  սուբյեկտների ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների, դրանց զարգացման միջոցառումների արդյունավետության վերլուծությանը, համայնքներում ՓՄՁ սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների կազմավորմանն ու դրանց գործունեության ապահովմանը, ՓՄՁ սուբյեկտների տեղեկատվական, իրավաբանական, խորհրդատվական, մարքեթինգային եւ այլ մեթոդական բնույթի աջակցության կազմակերպմանը, ինչպես նաեւ արտահանման կարողությունների ավելացման ապահովմանը:

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ է պայմանավորված ՓՄՁ հզորացման, կայուն ու անկախ տնտեսություն ունենալու եւ դրանից բխող պետական այլ ծրագրերի իրականացումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի կողմից՝ մասնագետ-փորձագետների մասնակցությամբ: