Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-473-07.02.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով.

«4) սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:»: 

Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, որը կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների հետ կապակցված:»: 

Հոդված 3. Օրենսգրքի 136-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշում է գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:»: 

Հոդված 5. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 6. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի            1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:».

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: 

Հոդված 7. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման և սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ նշանակելու մասին որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել գրավը կամ երաշխավորության գումարը մուծելով մեղադրյալին ազատել կալանքից.

12) կալանքից անմիջապես ազատել անձին, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:»: 

Հոդված 8. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) անձին կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:»:

Հոդված 9.  Օրենսգրքի 143-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

2. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

3. Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:

4. Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:

6. Սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետևանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելու դեպքում դատարանն իրավասու է նաև նվազեցնել գրավի չափը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի կողմից գրավի չափը նվազեցնելու և այն փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո մեղադրյալը երկօրյա ժամկետում պարտավոր է մուծել դատարանի կողմից սահմանված գրավը, իսկ չմուծելու դեպքում քրեական հետապնդման մարմնի միջնորդության հիման վրա կարող է կալանավորվել:

8. Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ՝ դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

9. Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:»:

Հոդված 10. Օրենսգրքի 147-րդ հոդվածը՝

1) լրացնել նոր՝ 2.1-րդ  և 2.2-րդ մասերով.

«2.1. Երաշխավորողի կողմից դրամական գումարը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա  ժամկետում դատարանի կամ դատախազության դեպոզիտ:

2.2. Մինչև երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը դատարանի որոշմամբ՝ մինչդատական վարույթում դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ նաև դատարանի նախաձեռնությամբ, վերածվում է պետության եկամուտի, եթե երաշխավորողը`

1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու իր պարտավորությունը.

2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:»: 

Հոդված 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կամ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառել սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներն ապահովելու համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազի կողմից:

Դատարանի կողմից ընտրված սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող են վերացվել դատախազի կողմից:»: 

Հոդված 12. Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը, եթե այդպիսին առկա է:»: 

Հոդված 13. Օրենսգրքի 285-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացնելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն:».

2) լրացնել նոր՝ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում գրավը կամ երաշխավորության գումարը մուծվում է դատարանի դեպոզիտ:»: 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: