Armenian ARMSCII Armenian
Կ-514-12.03.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2019թ. հոկտեմբերի 10-ին կնքված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի վարկային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2019թ. հոկտեմբերի 10-ին կնքվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի վարկային համաձայնագիրը N 8957-AM (այսուհետ` Համաձայնագիր):

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին եւ ծառայություններին հասանելիությունը եւ հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար: Ծրագիրը հանդիսանում է ներկայում գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման եւ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրերի շարունակությունը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Ծրագիրը կունենա 3 մաս/բաղադրիչ

Մաս 1. Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում

Այս բաղադրիչի շրջանակներում կվերականգնվեն շուրջ 61 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհներ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի: Բաղադրիչի շրջանակում կիրականացվի ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն, տեխնիկական աուդիտ, ճանապարհային ցանցի համար բնական աղետների վտանգի եւ ռիսկի գնահատում` բացահայտելու սողանքների, քարաթափումների վտանգը: Կիրականացվեն Ծրագրի շրջանակում հիմնանորոգված բոլոր ճանապարհներին գտնվող «Ապահով գյուղերի» ենթաբաղադրիչով նախատեսված անվտանգության միջոցառումներ:

Մաս 2. Ծրագրի կառավարում եւ ինստիտուցիոնալ ուժեղացում

Ծրագիրը կֆինանսավորի ծրագրի կառավարման գծով Գործառնական ծախսերը, ուսուցումը, ֆինանսական աուդիտը: Ծրագիրը կաջակցի վթարների վերաբերյալ նոր ժամանակակից տվյալների հավաքագրման եւ կառավարման համակարգի մշակմանը եւ տեղադրմանը, Ծրագրում ընդգրկված Ապահով գյուղերում ճանապարհային անվտանգության կրթական ծրագրերի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության քարոզարշավների իրականացմանը:

Մաս 3. Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ

Այս բաղադրիչով անհրաժեշտության դեպքում կտրամադրվի օժանդակության՝ արտակարգ իրավիճակների դեպքում:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով Ծրագրի ու իր նախորդների նշանակալի ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացման եւ բնակչության սոցիալական վիճակի բարելավման վրա, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2019թ. հոկտեմբերի 10-ին կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ Բ.Բադալյան


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը նախատեսում է երկարաձգել Ծրագրի փակման ամսաթիվը մինչեւ 2021թ. դեկտեմբերի 30-ը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել Համաձայնագրում՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով:

Համաձայնագրի հոդված 2-ում սահմանված է, որ ՎԶՄԲ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել վարկ՝ 13,400,000 եվրո գումարի չափով:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ՝ ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ



ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք

Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏՄԵԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները.

Համաձայնագրի Հոդված 2-ում սահմանված է, որ ՎԶՄԲ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել վարկ՝ 13,400,000 եվրո գումարի չափով: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, տոկոսադրույքը՝ լողացող՝ 6-ամսյա Euribor + լողացող սպրեդ, պարտավորության վճար՝ 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով եւ ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

20 փետրվարի 2020 թվականի N 185 - Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1748-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 1748-Ա որոշման 4-րդ կետում «Բագրատ Բադալյանին» բառերը փոխարինել «Վաչե Տերտերյանին» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 21
Երեւան