Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5281-26.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգիրքը 887 հոդվածից հետո լրացնել 887.1 հոդվածով.

«887.1 Վարկային արձակուրդ

Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, որը հանգեցնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների եւ խստացումների, ինչի հետեւանքով մարդիկ զրիկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց եւ եկամուտներից` օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:



Հիմնավորում

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ակնառու է դարձել Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված իրավիճակում: Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտությունից ելնելով: Խստացվել եւ սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ անհատների աշխատանքները, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այդ է պատճառը, որը ներկայացնում եմ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ, փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը եւ բարի կամքի դրսեւորմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերին կից ներկայացվում են`

1. օրենքների ընդունման հիմնավորումը,

2. օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքներում լրացվող հոդվածները:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքների նախագծերը դնել շրջանառության մեջ:

Առդիր` 6 ( վեց ) էջ:

Հարգանքով` Տիգրան Ուրիխանյան /092/