Armenian ARMSCII Armenian
Կ-0571-25.07.2003-ԳԿ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 189-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 189. Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը եւ ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը

Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները, կամ նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու, կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»: