Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-102-03.10.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք)` լրացնել հետեւյալ բովանդակությամբ 208.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 208.1. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից զննություն անցած պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների եւ դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները համապատասխան զինվորական կոմիսարիատ   ՀՀ օրենսդրությամբ   սահմանված կարգով  եւ ժամկետում  չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի  չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 213.2-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 213.2. ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՐԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԿԱՄ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ, ՇՏԱԲԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ ԿԱՄ ԶՈՐԱԽԱՂԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց կողմից վարժական հավաքներին ներգրավվող տրանսպորտային միջոցները համապատասխան զինվորական կոմիսարիատի ծանուցագրերի հիման վրա ժամանակին եւ սահմանված վայր չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներին կամ զորախաղերին ներգրավվող տրանսպորտային միջոցները համապատասխան զինվորական կոմիսարիատի ծանուցագրերի հիման վրա ժամանակին եւ սահմանված վայր չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի  չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին պարբերությունում եւ երկրորդ պարբերության 1-ին կետում «207-213» թվերը փոխարինել «207-213.2.» թվերով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է 26.12.2009թ. «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՕ-226-Ն օրենքի 9-րդ հոդվածի պահանջների իրացման նկատառումներով, համաձայն որոնց` ռազմատրանսպորտային պարտականությունից խուսափելը կամ դրա իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում 28.11.2007թ. ՀՕ-276-Ն օրենքով կատարված լրացմամբ վարչական պատասխանատվություն նախատեսվեց նաեւ վարժական հավաքներից,  հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելու համար, սակայն օրենսգրքի 235-րդ հոդվածում չկանոնակարգվեց, թե որ մարմիններն են քննում նշված գործերով վարչական իրավախախտումները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ռազմատրանսպորտային պարտականությունից խուսափելու կամ դրա իրականացմանը խոչընդոտելու համար օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն նախատեսված չէ, ինչպես նաեւ կարգավորված չէ նշված գործերով քննություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը, ինչը լուրջ բաց է անցկացվող վարժական հավաքների, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքների կամ զորախաղերի դեպքում դրանց ներգրավվող անձանց եւ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից օրենքով նախատեսված պարտավորությունների կատարման լիարժեքությունն ապահովելու գործում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, խաղաղ ժամանակ բարձրացնել զորահավաքային ռեսուրսի պատրաստվածության աստիճանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսվում տրանսպոր-տային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների կողմից զննություն անցած պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների եւ դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ  ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներին կամ զորախա-ղերին ներգրավված տրանսպորտային միջոցները համապատասխան զինվորական կոմիսարիատ (վայր) ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելու համար, ինչպես նաեւ վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափած քաղաքացիների եւ ռազմատրանսպորտային պարտակա-նություն ունեցող մարմինների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմիններ են սահմանվում զինվորական կոմիսարները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ պաշտպանության նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կապահովվի գործող իրավական ակտերի պահանջների կատարումը, կնպաստի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:

7.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան