Armenian ARMSCII Armenian
Պ-560-14.04.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ՀՕ-139-Ն օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «բնօրինակը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 2. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 5. 186-րդ հոդվածի 2-րդ մասում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի ներկայիս կարգավորումները դատավարության փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնող դատավարության մասնակիցներին հնարավորություն չեն տալիս օրենքով սահմանված պետական տուրքերը վճարել էլեկտրոնային եղանակով եւ դատարան ներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող համապատասխան ծածկագիրը` այն դեպքում, երբ ՀՀ-ում ներդրվել ու լայն կիրառում է ստացել պետական վճարումների էլեկտրոնային համակարգը (www.e-payments.am), որում փաստացի առկա է դատական գործերին առնչվող պետական տուրքերի էլեկտրոնային վճարման հնարավորություն:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված է քաղաքացիական գործերով պետական տուրքերը պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց վճարելու հնարավորություն, որը լայն կիրառություն է ստանում եւ մի շարք անձանց համար հանդիսանում է պետական տուրքի վճարման նախապատվելի միջոց:

Այսպիսով, վարչական դատավարության մասնակիցների համար օրենսդրությամբ սահմանված չեն իրավական այնպիսի հիմքեր, որոնք վերջիններիս հնարավորություն կտան վարչական գործերով վճարման ենթակա պետական տուրքերը վճարել առցանց` պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը եւ պայմանավորում է ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարել այնպիսի լրացումներ, որոնք օրենքի մակարդակով հնարավոր կդարձնեն վարչական գործով պետական տուրքերի առցանց վճարումը պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը ՀՀ կառավարության կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը եւս համահունչ է:

Այսպիսով, ներկայացվող նախագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորությունը, ինչը կիրականացվի պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայումս արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 10 թերթ:

Հարգանքով`

Արթուր ԴԱՎԹՅԱՆ
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ