Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-116-12.10.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 82-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Մաքսային արժեքի որոշման նպատակով սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո տարածքային մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքը:

Սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա մաքսային արժեքի մերժման դեպքում սույն մասով սահմանված ժամկետում` 87-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ տարածքային մաքսային մարմինները գրավոր տեղեկացնում են հայտարարատուին` կազմելով սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված մերժման եզրակացությունը:

Տարածքային մաքսային մարմինների կողմից սույն մասով սահմանված ժամկետում մաքսային արժեքի մերժման վերաբերյալ հայտարարատուին տեղեկացում չներկայացնելու դեպքում հայտարարատուի կողմից որոշված մաքսային արժեքը համարվում է ընդունված:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացվի.

1) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ աեւտրային անվանումը), տեղերի/քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի եւ գնորդի միջեւ համաձայնեցված այլ փաստաթուղթ):

2) մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության եւ համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերը կրում է գնորդը:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝

1) հայտարարատուի կողմից ներկայացվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը,

2) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք

ա. սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կամ

բ. սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ

գ. էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա, կամ

3) վաճառքը կամ գինը ենթակա չեն որեւէ պայմանի կամ հատուցման, որոնց պատճառով գնահատվող ապրանքների արժեքները չեն կարող որոշվել, կամ

4) գնորդի կողմից ապրանքների որեւէ հետագա վաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որեւէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի անցնի վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել համաձայն սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթների, կամ

5) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ

6) եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, սակայն

ա. հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն այդպիսի փոխկապակցվածությունը չի ազդել ապրանքի արժեքի վրա, կամ

բ. հայտարատուի կողմից որոշված մաքսային արժեքը շատ մոտ է նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված չփոխկապակցված անձանց միջեւ նույն կամ համանման ապրանքների վաճառքի արժեքին, որոնց ներմուծման ժամանակ մաքսային արժեքը որոշվել է սույն օրենսգրքի 89-րդ կամ 90-րդ հոդվածով, կամ

գ. հայտարարատուի կողմից որոշված մաքսային արժեքը սույն օրենսգրքի 91-րդ կամ 92-րդ հոդվածների համաձայն որոշված նույն կամ համանման ապրանքների արժեքին շատ մոտ է, կամ

դ. հայտարատուի կողմից որոշված մաքսային արժեքը նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված նույն կամ համանման ապրանքների սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված մեթոդով որոշված միջին մաքսային արժեքից նվազագույնը 20 տոկոսով ցածր կամ բարձր չէ:

Մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված տեղեկատվության ստուգման ժամանակ հաշվի են առնվում առեւտրային գործարքների մակարդակների, այդպիսի գործարքների քանակների վերաբերյալ հայտարարատուի կողմից ցույց տրված տարբերությունները, ինչպես նաեւ մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնք վաճառողի վրա են ընկնում այն վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված չեն, եւ որոնք վաճառողի վրա չեն ընկնում երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված են: Այդպիսի տեղեկատվության ստուգումը պետք է օգտագործվի հայտարարատուի նախաձեռնությամբ եւ միայն համեմատության նպատակով եւ դրանց արդյունքում մաքսային արժեքին փոխարինող արժեքներ չեն կարող սահմանվել:

3. Հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացնելուց հետո մաքսային մարմինները, եթե չեն կարող ընդունել գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը, պարտավոր են հնարավորություն ընձեռել ապրանքը տեղափոխող անձին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրամադրելու այնպիսի տեղեկատվություն, որը կարող է անհրաժեշտ լինել վաճառքին (գործարքին) առնչվող հանգամանքները քննության առնելու համար:

4. Անկախ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույթների, եթե մաքսային մարմինները հիմքեր ունեն համարելու, որ հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ապա նրանք այդ փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով օգտվում են սույն օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից` սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված մերժման ժամանակ գրավոր ներկայացնելով մերժման հիմք հանդիսացող տեղեկատվությունը եւ դրա աղբյուրները:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշումը

1. Սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն մաքսային արժեքի որոշման ժամանակ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ծախսերի եւ 87-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների բացակայության արդյունքում մաքսային արժեքի որոշման անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից` սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան մաքսային արժեքի որոշման նպատակներով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված եւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետական մարմիններից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն մասի նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 96-րդ հոդվածում.

1. 2-րդ մասում «մաքսային մարմինների» բառերից առաջ լրացնել «տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային)» բառերը, իսկ »հայտարարագրի ներկայացման օրը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով սահմանված ժամկետում» բառերով:

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մերժման եզրակացության հետ միասին տարածքային մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը եւ որոշման եղանակը` հիմնավորելով նաեւ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը:»:

3. 2-րդ մասից հետո լրացնել 2.1 մաս` հետեւյալ բովանդակությամբ

«2.1. Տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչեւ վերջնական որոշում ընդունելը հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները եւ առաջարկում են հայտարարատուին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել լրացուցիչ ապացույցներ եւ պարզաբանումներ, որոնց քննության արդյունքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ, կամ ընդունում են հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակում.

1. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 7615 11 000 եւ 7615 19 տողերը շարադրել նոր խմբագրությամբ .
7615 10 Ճաշի, խոհանոցային ապրանքներ կամ այլ ապրանքներ`
կենցաղային կարիքների համար եւ դրանց մասեր,
ճիլոպներ` խոհանոցային սպասքը մաքրելու համար,
բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար,
ձեռնոցներ եւ նմանատիպ արտադրանք` ալյումինից
0 0

2. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8522 90 400 տողը շարադրել նոր խմբագրությամբ.
8522 90 410 8519 50 000 ենթադիրքի սարքավորումների (hեռախոսային ինքնապատասխանիչների) էլեկտրոնային մոդուլներ 0 0
8522 90 490 Էլեկտրոնային մոդուլներ այլ 0 0

3. ԱՏԳ ԱԱ-ի «8523 29 100» ծածկագիրը փոխարինել «8523 29 150» ծածկագրով, «8523 29 210» ծածկագիրը` «8523 29 310» ծածկագրով, «8523 29 290» ծածկագիրը` «8523 29 390» ծածկագրով, «8523 40 110» ծածկագիրը` «8523 41 100» ծածկագրով, «8523 40 120» ծածկագիրը` «8523 41 300» ծածկագրով, «8523 40 130» ծածկագիրը` «8523 41 900» ծածկագրով, «8523 40 200» ծածկագիրը` «8523 49 250» ծածկագրով, «8523 40 400» ծածկագիրը` «8523 49 450» ծածկագրով, «8523 40 700» ծածկագիրը` «8523 49 910» ծածկագրով, «8523 51 700» ծածկագիրը` «8523 51 910» ծածկագրով, «8523 80 950» ծածկագիրը` «8523 80 930» ծածկագրով:

4. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8529 90 450 եւ 8529 90 490 տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
8529 90 200 8525 60 000, 8525 80 300 , 8528 41 000, 8528 51 000, 8528 61 000 ապրանքային ենթաենթադիրքում դասակարգվող սարքերի մասեր, այլ 0 0

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 199-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 199. Հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորությունների խախտումը

1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամը:

2. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 1991-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամը:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 202-րդ հոդվածից հանել «կամ այլ ապրանքներին եւ տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթեր ներկայացնելով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 203-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 203. Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվամբ

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրումը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկությունների նշումը.

-որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, ինչպես նաեւ ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում, առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով,

-որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում օրենքով սահմանված կարգով գանձվում են չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարները, ինչպես նաեւ տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով,

-որն առաջացնում է ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով,

-որի արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի), սակայն կատարված խախտման արդյունքում մաքսային հայտարարագրում արտացոլվել են ապրանքների արտահանման երկրում կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված եւ մաքսային սահմանով տեղափոխված կամ տեղափոխվող ապրանքների ձեռքբերման արժեքներից կամ քանակներից բարձր կամ ցածր արժեքներ կամ քանակներ, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում, առաջացնում է տուգանքի նշանակում այդ ապրանքների մաքսային արժեքի 10 տոկոսի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: