Armenian ARMSCII Armenian
Կ-587-23.04.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի միասնական ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը եւ սահմանափակումների կիրառումը համակարգող` սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ նրանց իրավասության շրջանակը.».

2) 7-րդ կետը «իրականացման» բառից հետո լրացնել «եւ սահմանափակումների կիրառման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`

ա. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում` անձնական ազատության իրավունքի սահմանափակում` հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով.»,

բ. 3-րդ կետը «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, ուսումնական գործընթացի կազմակերպման եւ իրականացման պայմանով սահմանափակումներ» բառերով,

գ. 5-րդ կետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «եւ դրանց մասնակցելու» բառերով,

դ. 7-րդ կետը «իրականացում» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղեւորների քանակի նորմավորում» բառերով,

ե. 9-րդ կետը «լիազորությունների» բառից հետո լրացնել «եւ գործառույթների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության» բառերով, իսկ  «կասեցում» բառից հետո` «, ինչպես նաեւ սույն կետում նշված մարմինների եւ կազմակերպությունների գործառույթների իրականացման ձեւերի եւ եղանակների ժամանակավոր փոփոխություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկությունները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ (այսուհետ` պարետ):

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը եւ սահմանափակումների կիրառումը: Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել  արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ` պարետատուն)` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին: Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ գործունեության կարգը կարող է սահմանել պարետը:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ եւ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների եւ կազմակերպությունների միջոցները եւ ուժերը), ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:».

2) 2-րդ մասի  5-րդ կետի «5-րդ կետով» բառերը փոխարինել «1.1-ին եւ 5-րդ կետերով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումները եւ միջոցառումները կարող են կիրառվել նաեւ որպես սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված` իրավունքների եւ ազատությունների պայմանով սահմանափակում կամ միջոցառումների պայմանով կիրառում: Սույն մասով սահմանված դեպքերում սահմանափակումների եւ միջոցառումների կիրառման պայմանները սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ պարետի կողմից:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մարմինների կողմից տրված գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձեւակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի եւ իր պարտականությունների մասին: Անձնական ազատության սահմանափակման ենթարկված անձի պահանջով սահմանափակումը կիրառող մարմինը պարտավոր է անձի սահմանափակման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:

5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների եւ տնտեսական հետեւանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ ստեղծված պարետատունը շարունակում է գործել որպես պարետին կից խորհրդակցական մարմին` նույն որոշմամբ սահմանված կազմով եւ կարգով, իսկ պարետը շարունակում է գործել որպես սույն օրենքի իմաստով հանդես եկող պարետ:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարետի ընդունած ակտերը շարունակում են գործել որպես փոխվարչապետի ենթաօրենսդրական ակտեր: