Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1359-01.11.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13-ը դեկտեմբերի 2003 թվական, N ՀՕ-1-Ն) (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր` 4-րդ պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Այն մեքենայացված խաղը, որի մասնակցի (մասնակիցների) շահելու հնարավորությունը կախված է բացառապես այդ խաղի մասնակցի (մասնակիցների) գործողություններից եւ խաղի շահման որեւէ փուլ չի գտնվում մասնակցի (մասնակիցների) վերահսկողությունից կամ ազդեցությունից դուրս, եւ այդ մեքենայացված խաղը որեւէ կերպ չի կարող ազդել մասնակցի (մասնակիցների) շահելու հնարավորության վրա եւ որի շահումը հանդիսանում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 9503 41 000, 9503 49 100, 9503 49 300 ծածկագրին դասվող ապրանք` շահումով խաղ չի համարվում:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1. «մեքենայացված խաղ» հասկացությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղ, որն անցկացվում է այնպիսի սարքերով (այդ թվում` լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.».

2. լրացնել նոր հասկացություններ` հետեւյալ բովանդակությամբ.

«շահումով խաղի գործունեության կազմակերպում` խաղասրահ կամ խաղասրահներ, որտեղ շահագործվում է առավելագույնը քսան խաղային ավտոմատ.

ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար, խաղասրահի կառավարիչ, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.

խաղային ավտոմատ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատ կամ նման այլ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ խաղացողի մասնակցել շահումով խաղի: Եթե խաղային ավտոմատը հնարավորություն է տալիս մեկից ավել խաղացողների մասնակցել շահումով խաղի կամ խաղերի, ապա ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատների կամ նման այլ սարքավորումների քանակը հաշվարկվում է ըստ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատներով կամ նման այլ սարքավորումներով առավելագույն հնարավոր մասնակիցների քանակի.

նախասրահ` խաղասրահի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահ, որտեղ անց է կացվում հաճախորդների նույնականացում եւ տվյալների մուտքագրում տվյալների շտեմարան.

իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածից հետո լրացնել 4.1-րդ եւ 4.2-րդ հոդվածներ` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4.1. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ, ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

1. Կազմակերպչի բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար ունի դատվածություն, եւ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

3) սնանկ է ճանաչվել եւ ունի չմարված (չներված) պարտավորություններ,

4) նախկինում հանգեցրել է խաղատան, շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը,

5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն).

6) որի մասնակցությամբ գործած իրավաբանական անձի` շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց:

2. Կազմակերպչի բաժնետեր, փայատեր կամ մասնակից չի կարող լինել այն իրավաբանական անձը`

1) որի բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին եւ պահանջներին,

2) որը գտնվում է սնանկացման վարույթում,

3) որի գործունեությունը նախկինում հանգեցրել է խաղատան, շահումով խաղերի կազմակերպման կամ այլ անձի սնանկացմանը,

4) որի շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց,

5) ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն) չեն ներկայացվել:

3. Կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավարի (այսուհետ` Տնօրեն), խաղասրահի կառավարչի (այսուհետ` Կառավարիչ) կամ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու աշխատակցի (այսուհետ` Պատասխանատու աշխատակից) պաշտոն չի կարող զբաղեցնել սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան որակավորում չունեցող անձը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից Կազմակերպչի բաժնետիրոջ, փայատիրոջ կամ մասնակցի, մասնակցի իրական շահառուի, Տնօրենի, Կառավարչի եւ Պատասխանատու աշխատակցի համար այլ պայմաններ եւ պահանջներ:

ՀՈԴՎԱԾ 4.2. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

1. Անձը կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող է մասնակցություն ձեռք բերել կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնել միայն լիազոր մարմնի նախնական համաձայնությամբ:

2. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նախնական համաձայնությունն ստանալու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ձեւով տեղեկություններ եւ փաստաթղթեր:

3. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ դիմումի քննարկման ժամկետը չերկարաձգելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

Սույն մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել լիազոր մարմնի որոշմամբ եւս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է կազմակերպչին:

4. Անձի` կազմակերպչի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելը կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնելը մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պայմաններին եւ պահանջներին կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածից հետո լրացնել 5.1-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 5.1. ԽԱՂԱՏԱՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

1. Տնօրենի, Կառավարչի եւ Պատասխանատու աշխատակցի որակավորումներն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ` Որակավորման հանձնաժողով): Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն հինգ անդամ, որոնցից առնվազն կեսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են: Որակավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ:

Որակավորման հանձնաժողովի կազմավորման եւ քննությունների անցկացման նկատմամբ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոնները:

2. Տնօրենի կամ Կառավարչի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորումը սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարող որակավորում ստանալու համար որակավորման հանձաժողովին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքները սույն օրենքով սահմանված կարգով ստուգելու եւ ստուգման արդյունքների հիման վրա Տնօրենի կամ Կառավարչի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորման վկայականներ (այսուհետ` Վկայական) տալու գործընթաց է:

Տնօրենի կամ Կառավարչի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորման ստուգման գործընթացն իրականացվում է համապատասխան որակավորման հանձնաժողովների կողմից կազմակերպվող եւ անցկացվող որակավորման քննությունների միջոցով՝ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, միջազգային պրակտիկայում ընդունված շահումով խաղերի կազմակերպման կանոնների շրջանակներում:

Վկայականները տալիս է համապատասխան որակավորման հանձնաժողովը` հինգ տարի ժամկետով:

3. Որակավորման հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, իսկ Տնօրենի կամ Կառավարչի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորման կարգերը եւ որակավորման քննությունների ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

Որակավորումների կարգով սահմանվում են որակավորումների ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձեւը եւ նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ` որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է լիազոր մարմինը:

4. Որակավորման քննություններին մասնակցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

5. Օրենքով սահմանված կարգով Տնօրենի կամ Կառավարչի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորում ստացած ֆիզիկական անձը չի կարող համատեղության կարգով համապատասխան պաշտոն զբաղեցնել կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցել այլ շահումով խաղի գործունեության կամ խաղատան կազմակերպչի:».

6. Օրենքով սահմանված կարգով Տնօրենի կամ Կառավարչի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորումից զրկվելու օրվանից երեք տարվա ընթացքում տվյալ անձին չի թույլատրվում մասնակցել որակավորման քննության:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում.

1. 1-ին մասում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խաղային ավտոմատների խաղային ծրագրերի սերտիֆիկացման եւ կոդավորման մեխանիզմների, ինչպես նաեւ խաղային ավտոմատներում տեխնիկական սարքի առկայության եւ կիրառման պահանջ, որը հնարավորություն կտա լիազոր մարմնին ճշտելու խաղերի ընթացակարգը եւ պահանջների պահպանման ճշտությունը:»,

2. 2-րդ մասի «բ» կետից հետո լրացնել նոր «բ.1)» եւ «բ.2)» կետեր հետեւյալ բովանդակությամբ.

«բ.1) ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ.2) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մեկ միլիոն ՀՀ դրամից ավել գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման եւ պահպանման աշխատանքները,

3. 2-րդ մասի «ժա» կետից հետո լրացնել նոր «ժբ)» եւ «ժգ)» կետեր հետեւյալ բովանդակությամբ.

«ժբ) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոններ զբաղեցնող, լիազոր անձի ներկայություն խաղասրահում.

ժգ) պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, այդ թվում հեռուստատեսությամբ կամ ռադիոյով՝ բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա կատարվող գովազդից:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-րդ, մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Շահումով խաղերի, խաղատների կազմակերպման լիցենզիան տրամադրվում է 30 օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 30-օրյա ժամկետով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է հայտատուին:»

2. 2-րդ մասի «գ» կետից հետո լրացնել նոր` «գ.1)» եւ «գ.2)» կետեր հետեւյալ բովանդակությամբ.

«գ.1) հայտին կից ներկայացված չեն ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց որակավորման վկայականների պատճենները կամ խախտվել է սույն օրենքի 5.1 հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը.

գ.2) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1 հոդվածով սահմանված անձ կամ 4.2 հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների օրինականության վերաբերյալ.»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Լիազոր մարմինն իրականացնում է նաեւ շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով եւ դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն, որի ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը եւ ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում.

1. «դ» կետում «դադարեցման հայցով դիմում է դատարան» բառերը փոխարինել «դադարեցում» բառով.

2. ավելացնել նոր ե) կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«ե) խաղատան եւ շահումով խաղերի կազմակերպչի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց որակավորումից զրկում:».

3. Լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.2» կետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:»:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր բ.1 կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«բ.1) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ)» կետի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ.»:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «ը» կետերով» բառերը փոխարինել «4.2-րդ հոդվածով, 5.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «ը» կամ «ժբ» կետերով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածից հետո լրացնել նոր 15.1-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 15.1. ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լիազոր մարմինը որակավորված անձի հանդեպ` որպես պատասխանատվության միջոց, կիրառում է նախազգուշացում, եթե նա իր գործողություններով խոչընդոտել է լիազոր մարմնի կողմից կազմակերպչի մոտ անցկացվող ստուգումներին:

2. Լիազոր մարմինը անձին զրկում է որակավորումից, եթե.

1) նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում թույլ է տվել այնպիսի խախտում, որը հիմք է նախազգուշացում կիրառելու համար.

2) նա հանդիսանում է Օրենքի 4.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված անձ.

3) նա չի կատարել Օրենքի 5.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները.

4) նրա դիտավորյալ գործողությունների հետեւանքով այլ անձինք կրել են կամ կարող էին կրել ֆինանսական կամ այլ վնասներ:»:

Հոդված 13. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, լիազոր մարմնի կողմից տրամադրված շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա ստացած անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքից բխող իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից սույն օրենքից բխող անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը կասեցվում է մինչեւ խախտումը վերացնելը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա է սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 4.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված որեւէ հիմք, կամ լիազոր մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ ներդրված դրամական միջոցները ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով, ապա լիազոր մարմինը տրամադրված շահումով խաղերի կազմակերպման եւ խաղատան լիցենզիայի գործողությունը կասեցնում է մինչեւ կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված անհրաժեշտ եւ բավարար հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելը: