Armenian ARMSCII Armenian
Կ-650-12.06.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2017 թ. հունվարի 30-ին ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (վերանայված):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների հետ կինոարտադրության ոլորտում համագործակցությունը սերտացնելու եւ կինեմատոգրաֆիական համատեղ արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2018 թ. հունվարի 24-ին: 2019 թ. նոյեմբերի 13-ի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 30 պետություն, ուժի մեջ է մտել 16 պետության համար:

Նախագծի նպատակն է խրախուսել միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը:

3. Ակնկալվող արդյունքը

Կոնվենցիայի նպատակն է արդիականացնել 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին Եվրոպական կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 1-ին), ինչպես նաեւ ապահովել իրավական եւ ֆինանսական շրջանակ` կողմ հանդիսացող երեք եւ ավելի երկրներում հիմնված կինեմատոգրաֆիական ընկերությունների ներգրավմամբ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի համատեղ արտադրության համար: Վերանայված Կոնվենցիան կարելի է օգտագործել նաեւ որպես երկկողմ շրջանակ` կողմերի միջեւ համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության վերաբերյալ առանձին պայմանագրի բացակայության պարագայում:

Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է տեղական կինոարտադրողների համար իրավական առավել լայն եւ արդիական շրջանակի ապահովում` համատեղ կինոմատոգրաֆիական արտադրության նախագծեր իրականացնելու համար, ինչպես նաեւ  Հայաստանում կինոարտադրության ոլորտի խթանում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:
 

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանն իրականացնում է համընդգրկուն եւ ակտիվ համագործակցություն ինչպես Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում, այնպես էլ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային եւ խորհրդատվական կոմիտեներում:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանը հանդիսանում է ոչ միայն օրինակելի եւ արդյունավետ համագործակցություն իրականացնող, այլեւ Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդման եւ կառույցի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման քննարկումներում գործուն ներգրավվածություն ունեցող պետություն:
2019թ. հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում ԱԳ նախարար Զոհրաբ Մանացականյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի կողմից տրվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը պաշտոնական մեկնարկը:

Գործողությունների ծրագիրը նպատակ է հետապնդում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերում ՀՀ օրենսդրությունը, ինստիտուտուցիալ կարողությունները եւ տեղական պրակտիկան առավել մոտեցնել եվրոպական չափանիշներին:

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրման համար բացվել է 2017թ. հունվարի 30-ին` Եվրոպայի խորհրդի անդամ եւ 1954 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված Եվրոպական մշակութային կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների համար: Կոնվենցիային կարող են միանալ նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետությունները, ինչպես նաեւ Եվրոպական Միությունը:

Կոնվենցիայի նպատակն է արդիականացնել 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին Եվրոպական կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 1-ին), ինչպե նաեւ ապահովել իրավական եւ ֆինանսական շրջանակ` կողմ հանդիսացող երեք եւ ավելի երկրներում հիմնված կինեմատոգրաֆիական ընկերությունների ներգրավմամբ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի համատեղ արտադրության համար:

Վերանայված Կոնվենցիան կարելի է օգտագործել նաեւ որպես երկկողմ շրջանակ` կողմերի միջեւ համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության վերաբերյալ առանձին պայմանագրի բացակայության պարագայում:

Այն համալիր կերպով արտացոլում է կինեմատոգրաֆիական աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած զարգացումները եւ դրանցից բխող իրավական կարգավորումների առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ վերանայված փաստաթուղթը կիրառելի է միայն դրան միացած պետությունների կինոարտադրողների միջեւ իրավահարաբերություններում, մինչդեռ երբ համատեղ արտադրության կողմերից մեկը հանդիսանում է միայն 1992թ. Կոնվենցիայի կողմ,

Կոնվենցիայի վավերացումը Հայաստանի Հանրապետությանը  հնարավորություն կընձեռի.

- Տեղական կինոարտադրողների համար ապահովել իրավական առավել լայն եւ արդիական շրջանակ համատեղ կինոմատոգրաֆիական արտադրության նախագծեր իրականացնելու համար, ինչպես նաեւ օգտագործել սույն Կոնվենցիան այն դեպքերում, երբ առկա չեն համատեղ արտադրության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր,

-  Լրացուցիչ խթան կարող է հաղորդել Հայաստանում կինոարտադրության ոլորտին,

- Նկատի ունենալով, որ կինեմատոգրաֆիան կարեւորագույն արտահայտչամիջոց է հանդիսանում հասարակության ներսում ժողովրդավարության, մարդու իրավունքների իրավագիտակցությունն ամրապնդելու համար` վավերացնելով սույն Կոնվենցիան Հայաստանը կբարձրացնի նաեւ իր միջազգային հեղինակությունը նշյալ սկզբունքների խթանման, ինչպես նաեւ ԵԽ իրավական համակարգին առավել մեծ ներգրավվածության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը` 2017թ. հունվարի 30-ին ստորագրված  «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (վերանայված) վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ                               Ավետ Ադոնց

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2017թ. հունվարի    30-ին:

Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2018թ. հունվարի 24-ին:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ երեք պետություն, ներառյալ Եվրոպայի խորհրդի անդամ առնվազն երկու պետություն, արտահայտել են Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու համաձայնության մասին:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2017թ. հոկտեմբերի 1-ին:

Կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին կարող է հայտարարել, որ 2-րդ հոդվածի 4-րդ կետը չի կիրառվում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր երկկողմ հարաբերություններում: Բացի այդ` նա կարող է իրեն վերապահել 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշվածից այլ` առավելագույն մասնակցության չափ սահմանելու իրավունք: Որեւէ այլ վերապահում չի կարող արվել: (հայտարարություն անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ հայտարարության տեքստի նախագիծ):

2019թ. նոյեմբերի 13-ի դրությամբ Կոնվենցիան ստորագրել է 30 պետություն, ուժի մեջ է մտել 16 պետության համար (ցանկը կից ներկայացվում է):
 

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ    Ավետ Ադոնց
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիայում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր, սակայն առկա են նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերի դրույթների հիմքով:
 

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ`                                                 Կ. ԽՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով` Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Կոնվենցիայով, մասնավորապես 5-րդ, 6-րդ, 9-րդ հոդվածներով նախատեսվող միջոցառումները կարող են ենթադրել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացում, ուստի եւ` պետական բյուջեի ծախսերի ավելացում:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
 
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ


Հարգելի պարոնայք

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի` հայտնում ենք, որ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`  ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

9 ապրիլի 2020 թվականի  N  512 - Ա

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)» ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրա-պետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 10
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

5 հունիսի 2020 թվականի  N  672  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 5
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Հարգանքով`           ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ