Armenian ARMSCII Armenian
Կ-660-17.06.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության, բացառությամբ եթե առկա են եղել սույն հոդվածի 6.1.-ին մասով սահմանված հիմքերը: Նման գործարքն առոչինչ է:
Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:»

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1.-ին մասով`

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը դիմումի հիման վրա հարգելի է համարում ժամկետը բաց թողնելը, եթե

1) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).

2) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել դիմողի այնպիսի հիվանդությունը, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը.

3) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել դիմողի կողմից զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին կամ մարտական առաջադրանքների կամ այլ ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հանգամանքը.

4) գործարքի կողմը գործարքը կնքելուց հետո ճանաչվել է անգործունակ եւ ժամկետի վերականգնման համար դիմել է օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալը.

5) գործարքի կողմը մահացել է, եւ ժամկետի վերականգնման համար դիմել է իրավահաջորդը.

6) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել գործարքի կողմին անհայտ բացակայող ճանաչելու հիմքի ի հայտ գալը, եւ անհայտ բացակայող ճանաչվելուց հետո ժամկետի վերականգնման համար դիմել է նրա գույքի հավատարմագրային կառավարիչը.

7) մահացել են անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, եւ նա չի ունեցել օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը որոշում է ընդունում ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ, եթե նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված երեսնօրյա ժամկետում:
Պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետ է ժամկետը բաց թողնելու պատճառը վերանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրը, իսկ գործարքի կողմ չհանդիսացող անձանց դեպքում` այն օրվանից սկսած 15 աշխատանքային օրը, երբ իմացել էին կամ պարտավոր էին իմանալ այդ գործարքի մասին:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու դիմումը քննարկում եւ լուծում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4) նոտարական վավերացում ստացած գործարքի հիման վրա պետական գրանցման համար դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ, եթե պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինն այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասով սահմանված հիմքերով, կամ պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ.»

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, կայացվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից.»:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը «ժամկետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե ներկայացվել է պարտապանի եւ գրավատուի` օրենքով սահմանված կարգով տրված գրավոր համաձայնությունը մինչեւ երկամսյա ժամկետի լրանալը գրավի առարկան բռնագանձելու վերաբերյալ:» բառերով:

Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բառացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասով նախատեսված պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու դեպքի,» բառերով:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. 2019 թվականի հունիսի 1-ից հետո կնքված եւ նոտարական վավերացում ստացած, ինչպես նաեւ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երեսնօրյա ժամկետը չլրացած անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեսնօրյա ժամկետում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական գրանցման ներկայացնելու համար սույն մասով սահմանված երեսնօրյա ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել սույն օրենքով սահմանված կարգով, եթե «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասում նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել նշված երեսնօրյա ժամկետում: