Armenian ARMSCII Armenian
Կ-661-17.06.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 77.142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաեւ Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար)  ներգրավելու հայտը:

Բացի այդ, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը:

Արդյունքում, ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 25.714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացը, ինչպես նաեւ Հիմնադրամից փոխառու միջոցների ներգրավման 2009 թվականի համանման նախադեպը` Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացում համարում ենք նպատակահարմար:


ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը դիմում է Արժույթի միջազգային հիմնադրամին` գործող Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն օգտագործելու, ինչպես նաեւ լրացուցիչ փոխառու միջոցներ ներգրավելու  նպատակով:

Նամակ - համաձայնագիրը հնարավորություն կտա լրացնել նոր կորոնավիրուսային վարակի տարածման սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացը:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից` Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ`
ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար` Ատոմ Ջանջուղազյանի կողմից:

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կողմից կստանա ծանուցում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալի մասին անհրաժեշտ է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամին, քանի որ վերջինս Համաձայնագիրը չի դիտարկում որպես միջազգային պայմանագիր եւ նախատեսում է ուժի մեջ մտնելու առավել սեղմ ժամկետ:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նամակ-համաձայնագրերը չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նամակ-համաձայնագրերը ենթակա են վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները.

Հիմնադրամը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկային միջոցներ 231.656 միլիոն ՀՓԻ գումարի չափով, որը տրամադրվելու է երկու մասնաբաժնով` առաջին մասնաբաժինը 205.942 միլիոն ՀՓԸ-ի եւ երկրորդը` 25.714 միլիոն ՀՓԸ-ի չափով:

Վարկի մարման ժամկետը 5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 3.25 տարի: Վարկի մայր գումարի մարման ժամանակացույցը փոխկապակցված է մասահանումներին, եւ  վարկային միջոցներից մասհանված յուրաքանչյուր մասնաբաժին ենթակա է մարման 8 հավասարաչափ եռամսյակային վճարումներով` սկսած մասհանման ամսաթվից 3.25 տարի հետո:

Վարկի տոկոսադրույքը բաղկացած է.

(1) ՀՓԻ-ի շուկայական տոկոսադրույքից եւ փոփոխական մարժայից: ՀՓԻ-ի տոկոսադրույքը սահմանվում է Հիմնադրամի կողմից շաբաթական կտրվածքով` նվազագույն դրույքաչափը կազմում է 0.05% (18.05.2020թ. դրությամբ այն փաստացի կազմել է 0.0026%, ուստի ենթակա է կիրառման նվազագույն դրույքաչափը), իսկ մարժան սահմանվում է Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար եւ ներկայումս կազմում է 1%:

(2) տոկոսավճարի հավելավճարից, որը փոխկապակցված է Հիմնադրամում ՀՀ քվոտայի հետ (ներկայումս այն կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ): Քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար վճարվում է հավելավճար 2% դրույքաչափով, երեք տարի անց քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում` հավելավճարի դրույքաչափը ավելանում է 1%-ով:

Ծառայության վճարը վճարվում է միանվագ` յուրաքանչյուր մասհանված գումարի
0.5%-ի չափով:

Պարտավորության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ եւ համամասնորեն վերադարձվում է` ծրագրի հաջող իրականացմանն ու մասհանումների տրամադրմանը համահունչ: Պարտավորության վճարը հաշվարկվում է 0.15% դրույքաչափով` քվոտայի
115%-ը չգերազանցող գումարի դեպքում, 0.30% դրույքաչափով`  քվոտայի 115%-ից մինչեւ 575%-ի դեպքում, եւ 0.6% դրույքաչափով` քվոտայի 575%-ը գերազանցող գումարի դեպքում:

Այսպիսով` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով եւ ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին

Ի կատարումն վարչապետի 01.06.2020 թվականի N 02/06.5/26798-2020 հանձնարարականի

Հարգելի  պարոն Ջանջուղազյան,

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրերով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 

Հարգանքով`   Ս.Պապիկյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

4 հունիսի 2020 թվականի  N  873 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից`  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 4
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

16 հունիսի 2020 թվականի  N  718  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 16
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ