Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-665-19.06.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիք) 1087.1-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի 3-րդ կետում «1000-ապատիկի չափով» թվերը փոխարինել «5000-ապատիկի չափով» թվերով.

2) 8-րդ մասի 2-րդ կետում «2000-ապատիկի չափով» թվերը փոխարինել «10000-ապատիկի չափով» թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Առկա իրավիճակը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:

ՀՀ կողմից վավերացված եւ 2002 թվականի ապրիլի 26-ից ուժի մեջ մտած «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտուցյան եւ անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչնդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդորմների, հեռուստատեսային կամ կինեմատոգռաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում հայտնել է, որ քաղաքացիական ծառայողները, որոնք նշանակված են պաշտոնում, ինչպես եւ քաղաքական գործիչները, ենթարկվում են առավել լայն քննադատության, քան մասնավոր անձինք: Սակայն չի կարելի ասել, որ քաղաքացիական ծառայողները գիտակցաբար դառնում են քննադատության առարկա իրենց ասված յուրաքանչյուր բառի եւ արարքի համար` այնքանով, որքանով քաղաքական գործիչները եւ, հետեւաբար, վերաբերմունքը պետք է լինի հավասար ինչպիսին վերջինների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է իրենց արարքների քննադատությանը (տե'ս Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի (թիվ 2) վճիռն 1997թ. հուլիսի 1, զեկույցներ 1997-IV, էջ 1275, կետ 29, երրորդ կետ, եւ Յանովսկին ընդդեմ Լեհաստանի [GC], no. 25716/94, կետ 33, ՄԻԵԴ 1999-I):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել` խստացնել, խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները: Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական եւ (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձարագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ եւ կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով (Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մաս,  ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդված):  Խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որեւէ անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով եւ եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ  յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Որպես անձի պատվի, արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման երաշխիք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:»: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.  «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաuտացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե  վերջինu չի ապացուցում, որ այդ փաuտերը համապատաuխանում են իրականությանը:»:

Ներկայումս բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, որը դրսեւորվում է անպարկեշտ եւ անբարո արտահայտություններ հնչեցնելով, ինչն իր բացասական հետեւանքներն է թողնում հանրության շրջանակներում: Բացառություն չի կազմում նաեւ անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը, որը դրսեւորվում է իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տվյալներ հրապարակային ներկայացնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գործող կարգավորումները հնարավորություն են տալիս անձանց քաղաքացիական դատավարության ընթացակարգերով վերականգնել իրենց պատվի եւ արժանապատվության, խախտված իրավունքի վերականգնում հերքման, պատասխանի, ինչպես նաեւ դրամական հատուցման եղանակով:

Ժողովրդավարական շատ պետություններում ենթադրվում է, որ ԶԼՄ-ները հասարակությանը սատարելու համար հաճախակի անհանգստացնում են պետական պաշտոնյաներին, որը երբեմն  հանգեցնում է ԶԼՄ-ների անպատասխանատվությանը, սակայն անկախ դատական իշխանությունը եւ արդյունավետ գործող մամուլի խորհուրդները կարող են աջակցել նման շեղումների դեմ պայքարում:

Լրագրողների կողմից որոշակի պատասխանատվություն ստանձնելու եւ մասնագիտական գործունեության հետ կապված էթիկայի նորմեր կիրառելու պարտավորության օրինակ կարող է ծառայել Սլովակիայի լրագրողների Սինդիկատի որոշումը, համաձայն որի` լրագրողը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները հասարակությանը ապահովելու հավաստի, ճիշտ, ստուգված, լրիվ եւ մասնագիտական տեղեկատվությամբ: Լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, եթե պարզվի որ այն չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ եւ ունի առեւտրային ուղղվածություն:  Անապացույց մեղադրանքները, վստահության չարաշահումը, մասնագիտության կամ ԶԼՄ-ների օգտագործումն անձնական կամ խմբակային շահերի նպատակով, փաստերի խեղաթյուրումը, ցանկացած սուտ տեղեկատվության կանխամտածված մատուցումը լրագրողի կողմից` դիտվում է որպես լրջագույն մասնագիտական զանցանք: Լրագրողը պատասխանատվություն է կրում իր բոլոր հրապարակումների համար (հրապարակային ներողություն, հերքում, վնասների փոխհատուցում):

Ինչպես լրագրողը, այնպես էլ յուարքանչյուր ոք պետք է հարգի սահմանադրական կարգը, ժողովրդավարական ինստիտուտները, գործող օրենքները, հասարակության համընդհանուր ճանաչման արժանացած բարոյական սկզբունքները, այլոց սահմանադրական իրավունքները եւ ազատությունները, պատիվը եւ բարի համբավը, բացառելով անհատական որակումները: Այլ քաղաքացիների պես լրագրողները նույնպես պետք է օգտվեն օրենքի լիակատար պաշտպանության տակ գտնվելու երաշխիքներից:

Առաջարկվող կարգավորումը

Օրենսդրական փոփոխության իրականացումը քաղաքացիական օրենսգրքում` վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի եւ մինչեւ 2000-ապատիկի չափը բարձրացնելու մասով, անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլեւ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական եւ (կամ) վիրավորական արտահայտություններից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


«18» հունիս, 2020թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո' պարոն Միրզոյան.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում են`

1. Նախագիծը (հիմնական զեկուցող` Ալեն Սիմոնյան)

2. Նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`        ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ