Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-672-23.06.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ընկերությունն իրավունք ունի աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում թողարկել եւ տեղաբաշխել աշխատակցի՝ հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսեր, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ:

Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրն Ընկերության ներքին իրավական ակտ է, որի համաձայն Ընկերությունն իր մեկ կամ ավելի վարձու աշխատողներին (այդ թվում՝ խորհրդի անդամներին) տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել հատուցումներ՝ Ընկերության կամ նրա մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսերով, օպցիոններով կամ սեփական կապիտալի այլ գործիքներով): Ընդ որում, աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Ընկերությունը կարող է իրականացնել նաեւ հատուկ այդ նպատակով ստեղծված ներդրումային ֆոնդի կամ այլ կազմակերպության միջոցով:

2. Աշխատակցի բաժնետոմսը Ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով տրամադրվող անվանական բաժնետոմս է: Փակ Ընկերության աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով: Բաց Ընկերության աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել ոչ ավելի քան երեք տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:

3. Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջեւ վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսը կարող է տրամադրվել անվճար կամ դրա դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել: Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների ընթացքում Ընկերությունը կարող է ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով:»:

Հոդված 2.  Օրենքի 41-րդ հոդվածի 4-ին մասում «պակաս» բառից հետո լրացնել «կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով» բառերը:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



 
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյան:

Խնդրում ենք օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ