Armenian ARMSCII Armenian
Կ-7011-30.07.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային  տրանսպորտի  մասին»  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բովանդակությամբ `

«սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների եւ դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի եւ դրանց միացման հանգույցների, բարձր եւ ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ եւ ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման եւ շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ եւ ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր  26.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 26.1. Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը եւ լցավորումը

1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ` լիցենզավորված անձ):

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

4. Գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացման արդյունքում դրական  եզրակացություն չստանալու դեպքում արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:

5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով եւ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը եւ վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

6. Ավտոբուսների ուղեսրահներում  գազաբալոնների տեղադրումը արգելվում է:

7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից  պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ այն պետք է ապահովի հասանելիությունը գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունը ստուգելու նպատակով:

8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը եւ պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը` սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, 4-րդ մասը` սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո, իսկ 7-րդ մասը` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ  նրանց ներկայացուցիչները  սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ եւ 5-6-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում դիմում են լիցենզավորված անձանց` ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար:

Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում եւ հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

3. Սույն օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն օրենքում սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը: