Armenian ARMSCII Armenian
Պ-713-24.08.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Ընդ որում` կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ, հաշվի անելով, որ`

ա. այն պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում.

բ. գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին.

գ. գործընթացին մասնակցելու պայմանները եւ դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ, նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից.

դ. անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում վերջինիս կամ իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաեւ ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուի կողմից հրապարակվում է տեղեկագրում.

ե. գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի` պայմանագրի կատարման եւ կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ, պայմանով, որ  անձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ: Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է` գործընթացին մասնակից դարձնելով նաեւ պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում.

զ. եթե միեւնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումը առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա վերջինս զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություներից, ինչի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն. »:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով: