Armenian ARMSCII Armenian
Կ-7372-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ բաժնի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.1 հոդվածով «Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է հյուպատոսական հիմնարկի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացումը: Հյուպատոսական հիմնարկի՝ որպես սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման կարգը եւ մատուցվող ծառայությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.2 հոդվածով «Հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ծառայությունների շրջանակում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի հետեւյալ գործառույթները՝

1) ապահովում է դիմողի նույնականացումը.

2) ապահովում է մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի եւ օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.

3) ապահովում է մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, փոխադրումը եւ հանձնումն իրավասու մարմնին.

4) դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում դիմողին առաջարկում է համալրել դրանք.

5) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը եւ հանձնումն ապահովելու նպատակով.

6) ապահովում է վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ ակտը: