Armenian ARMSCII Armenian
Խ-7502-30.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության» բառերը.

2) 7-րդ մասից հանել «եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը:

Հոդված 2.  Օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության համապետական ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ: Ազգային ժողովի հերթական ընտրություններում համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ վերապահված չեն համագումարին, ինչպես նաեւ հերթական եւ արտահերթ ընտրություններում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով): Համապետական եւ տարածքային ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում եւ ստորագրում  է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը:»:

Հոդված 3.   Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կուսակցության համագումարի եւ մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները (դաշինքի անդամ կուսակցությունների համագումարների եւ մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)՝ համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները հաստատելու եւ առաջադրելու վերաբերյալ.»:

Հոդված 4.   Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:»:

Հոդված 5.   Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:»:

Հոդված 6.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: