Armenian ARMSCII Armenian
Կ-754-02.10.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-277-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 20-րդ կետում «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետով հաստատված» բառերը փոխարինել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ եւ 19.1-րդ կետերով հաստատված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր 24-րդ կետով.

«24) Սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ եւ 19.1-րդ կետերով նախատեսված հիմքերով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը կարող է ավելացվել ոչ ավել, քան 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի՝ 6,170.2 մլրդ դրամի 7.4 տոկոսի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետից հանել «ոչ ավելի, քան Կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձում նշված 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի` 6,485 մլրդ դրամի 5.0 տոկոսն» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 19.1-րդ կետով.

«19.1) ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ապահովելու նպատակներով փոփոխություններ կատարել սույն օրենքի N 1 եւ N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, նշված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված եկամուտների հաշվին սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը եւ ելքերն ավելացնելու, սույն օրենքով չնախատեսված ծրագրեր եւ միջոցառումներ հաստատելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու եղանակներով: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորման համար, ըստ անհրաժեշտության, դրանց ֆինանսավորմանն ուղղել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) եւ պետական արժեթղթերի (այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները եւ պետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաեւ 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները.»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) սույն հոդվածի 19-րդ եւ 19.1-րդ կետերով հաստատված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Առկա իրավիճակը եւ առաջարկվող կարգավորումները

ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է, որ Կառավարությունը ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը:

2020թ.-ին ապրիլ ամսին, հաշվի առնելով նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19)-ի արագ տարածումը եւ դրա՝ սպասվող տնտեսական եւ հարկաբյուջետային հետեւանքները, «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում» իրականացվել են համապատասխան փոփոխություններ: Տարվա ընթացքում աշխարհի եւ ՀՀ փաստացի զարգացումները, ինչպես նաեւ միջազգային կառույցների կողմից համաշխարհային եւ ՀՀ գործընկեր երկրների տնտեսական անկման կանխատեսումների դեպի ներքեւ ճշգրտումները  ցույց են տալիս, որ առարկայացել  են 2021-2023թթ. ՄԺԾԾ-ում նախանշված տնտեսական աճի դեպի ներքեւ ռիսկերը:   Դա նշանակում է, որ 2020թ.-ի տնտեսական անկումը, հետեւաբար նաեւ հարկաբյուջետային ցուցանիշների վատթարացումը՝ մասնավորապես հարկային եկամուտների անկումը, պետական բյուջեի պակասուրդի մեծացումը եւ կառավարության պարտքի աճը,  կլինեն ավելի մեծ, քան այն ցուցանիշները, որոնք ընկած են ապրիլ ամսին իրականացված օրենսդրական փոփոխությունների հիմքում:

Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց:

Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:

Ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ.


Հարկաբյուջետային ցուցանիշների (մասնավորապես՝ պակասուրդի) վերոնշյալ փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի աճին: Մասնավորապես, սպասվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կհասնի շուրջ 67%-ի՝ հատելով 60% սահմանային շեմը:

2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծին ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:

3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 30-ի N 1613-Ա որոշումը: 
  
  Հարգանքով`  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-277-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 20-րդ կետում «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետով հաստատված» բառերը փոխարինել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ եւ 19.1-ին կետերով հաստատված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ կետով.

«24) սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ եւ 19.1-ին կետերով նախատեսված հիմքերով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը կարող է ավելացվել ոչ ավելի, քան 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի` 6,170.2 մլրդ դրամի 7.4 տոկոսի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետից հանել «ոչ ավելի, քան Կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձում նշված 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի` 6,485 մլրդ դրամի 5.0 տոկոսն» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.

«19.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունն ապահովելու նպատակներով փոփոխություններ կատարել սույն օրենքի N 1 եւ N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, նշված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված եկամուտների հաշվին սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը եւ ելքերն ավելացնելու, սույն օրենքով չնախատեսված ծրագրեր եւ միջոցառումներ հաստատելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու եղանակներով: Ընդ որում, սույն կետով նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորման համար, ըստ անհրաժեշտության, դրանց ֆինանսավորմանն ուղղել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) եւ պետական արժեթղթերի (այդ թվում` պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները եւ պետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաեւ 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները.»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) սույն հոդվածի 19-րդ եւ 19.1-ին կետերով հաստատված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես, եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.10.2020
Երեւան
ՀՕ-448-Ն