Armenian ARMSCII Armenian
Կ-764-19.10.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով հարկային արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների` ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից ազատելը

1. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող` Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից` այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը եւ (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

2. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը եւ (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված կարգով դուրս գրված եւ պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ (կամ) առողջապահության նախարարության վավերացրած հաշվարկային փաստաթղթերով: Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը եւ (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կողմերի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով:

3. Կառավարության հաստատած ցանկում ներառված եւ ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը եւ (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն:

Հոդված 3. Ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից ազատելը

1. Դրոշմավորման ենթակա չեն ռազմական դրության ժամանակահատվածում Օրենսգրքի 389-րդ եւ 390-րդ հոդվածների համաձայն` ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները` պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը եւ (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում: Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերում:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված` Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ինչպես նաեւ անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների նկատմամբ` դրանք սույն օրենքով սահմանված կարգով պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը եւ (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում: