Armenian ARMSCII Armenian
Կ-779-05.11.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:

Կոնվենցիայի նպատակն է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցության ամրապնդումը եւ քրեական արդարադատության ոլորտում փոխադարձ օգնության ընդլայնումը:

Սույն Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու Պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը, պատժի կատարումը փոխանցելու կարգը, պատժի կատարումը փոխանցելու հետեւանքներ սահմանող դրույթները՝ պատժի նշանակման եւ պատժի կատարման պետությունների համար, ինչպես նաեւ դատական վճռի վերանայման, ներման եւ համաներման հետ կապված իրավահարաբերությունները:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայի վավերացումը:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 11-ին:

Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կոնվենցիայի նպատակն է ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ ընդլայնել փոխադարձ օգնության սահմանները քրեական արդարադատության ոլորտում՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության հարգման եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին: Դատապարտյալների նկատմամբ հսկողության իրականացումը, որոնց նկատմամբ կիրառվում է ազատազրկման հետ չկապված պատիժ կամ որեւէ այլ քրեաիրավական բնույթի գործողության իրականացում այն պետությունում, որի քաղաքացի հանդիսանում են նրանք, կարող է նպաստել ավելի արագ եւ արդյունավետ վերադարձին քաղաքացիական կյանքին:

Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների (դատավճիռների) նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ (կամ) կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ:

Կոնվենցիան ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կոնվենցիան ստորագրած Պայմանավորվող կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

2020թ. մայիսի 4 դրությամբ Կոնվենցիան ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր չեն իրականացվել:

2019թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների» կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիան թեեւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ պատիժը նշանակող պետությունից պատիժը կատարող պետություն դատապարտյալի ինքնուրույն տեղափոխման կարգը կարգավորվում է այդ պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ: Միաժամանակ, համապատասխան ոլորտը կարգավորող ՀՀ օրենքները չեն նախատեսում դատապարտյալի ինքնուրույն տեղափոխում, ինչի պատճառով առաջանում է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
տիկին Ք.Գրիգորյանին

Հարգելի տիկին Գրիգորյան,

Ի պատասխան 02.04.2020թ. N 01/14.2/7363-20 գրության՝ հայտնում եմ, որ «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ քրեաիրավական բնույթի միջոցների կատարման փոխանցման մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայի վավերացման կապակցությամբ առարկություններ չկան:

Միաժամանակ ուղարկում եմ հիշյալ կոնվենցիայի վերաբերյալ ՀՀ դատախազության նկատառումները, որոնք 18.05.2018թ. N 04/21/4142-18 գրությամբ ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն:

Առդիր` 1 ֆայլ:

Հարգանքով՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դ.Մելքոնյան


Տեղեկանք

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ քրեաիրավական բնույթի միջոցների կատարման փոխանցման մասին» Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կոնվենցիայի նախագծի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչությունում ուսումնասիրվել է «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ քրեաիրավական բնույթի միջոցների կատարման փոխանցման մասին» Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) մասնակից պետությունների Կոնվենցիայի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի վերաբերյալ հայտնվում է հետեւյալը.

1.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով՝ Կոնվենցիան գործում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ քրեաիրավական բնույթի միջոցների կատարման փոխանցման այն դեպքերում, երբ պատիժ նշանակող պետությունը չի հանդիսանում անձի քաղաքացիության պետությունը, որով էլ սահմանվում է անձի՝ իր քաղաքացիության պետությունում պատիժ կրելու իրավասության փոխանցումը տվյալ երկրին:

Սակայն հարկ է նկատել, որ Նախագծով չի նախատեսվում անձի՝ մեկից ավելի պետությունների քաղաքացի հանդիսանալու դեպքում հարցի լուծման ընթացակարգ:

Նշվածի կապակցությամբ, հաշվի առնելով Կոնվենցիայի նախաբանում արտացոլված նպատակները, առաջարկվում է սահմանել անձի՝ մեկից ավելի պետությունների քաղաքացի հանդիսանալու դեպքում պատիժ կրելու կամ քրեաիրավական միջոցների կիրառման փոխանցման ընթացակարգ՝ հաշվի առնելով անձի «լավագույն շահի» սկզբունքը, այդ թվում՝ կոնկրետ պետության հետ անձի սոցիալական կապը, տվյալ պետությունում տիրող իրավիճակը, ինչը բխում է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» («?») կետի դրույթներից:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» («?») կետի կապակցությամբ հարկ է նկատել, որ պատժի կատարման Պետության օրենսդրությամբ կոնկրետ տեսակի պատիժ նախատեսված չլինելը նպատակահարմար է ներառել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկում՝ որպես հարցման մերժման պարտադիր դեպք՝ հաշվի առնելով, որ հակառակ դեպքում, մերժման այդ հիմքը դիտելով որպես Հարցվող պետության հայեցողական լիազորություն, իմաստազրկվում է փոխանցման գործընթացը:

Ավելին, նշվածը ակնհայտորեն բխում է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթից, որը եւս ենթակա է խմբագրման:

Այսպես, Նախագիծը սահմանում է հարցման մերժման այնպիսի հիմք, որպիսին է պատժի, քրեաիրավական միջոցի՝ պատժի կատարման Պետությունում կատարելու անհնարինություն՝ ներպետական օրենսդրության նախատեսված հիմքով:

Հետեւաբար, կոնկրետ պատժատեսակի կամ քրեաիրավական միջոցի՝ պատժի կրման Պետության օրենսդրությամբ նախատեսված չլինելու դեպքում համապատասխան հարցումը ենթակա է մերժման:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ դատապարտյալի պատիժ կրելու պետություն ինքնուրույն տեղափոխվելու մասին դրույթի ընդունման դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել դրանից բխող օրենսդրական փոփոխություններ՝ նկատի ունենալով, որ համաձայն հիշյալ հոդվածի՝ այն ենթակա է կարգավորման Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն, մինչդեռ ՀՀ գործող օրենսդրությամբ նման ընթացակարգ կարգավորված չէ:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտաքսման հիմքը նախատեսված չէ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված պատասխանատվությունը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 354-րդ հոդվածը նախատեսում է բացառապես ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժ կրելուց խուսափելու համար պատասխանատվություն, մինչդեռ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կրումից կամ քրեաիրավական բնույթի միջոցների ի կատար ածելուց խուսափելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով նման պատասխանատվություն նախատեսված չէ:

6. Նախագծի 9-րդ հոդվածով, ըստ էության, նախատեսվում է դատավճիռների (դատարանի որոշումների) ճանաչման որոշակի ընթացակարգ, որի իրականացումը ՀՀ գործող քրեադատավարական օրենսգրքի կարգավորումների պարագայում կիրառելի չէ:

Այսպես.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.8 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:

ՀՀ քրեական օրենսգրքի 17 հոդվածը սահմանում է, որ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար եւ կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետեւանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

Վերը նշված իրավանորմի մեկնաբանությունից հետեւում է, որ օրենսդիրը օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը նախատեսում է հաշվի առնել այն դեպքում, երբ անձը դատապարտվում է ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարելու համար, որից հետո կրկին հանցանք է կատարում ՀՀ տարածքում: Հակառակ վիճակը կարգավորող իրավական նորմ ՀՀ քրեական օրենսգրքում առկա չէ:

7. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները նույնպես ենթակա են խմբագրման՝ նախորդ կետում նշված իրավակարգավորման լույսի ներքո:

8. Միաժամանակ, առաջարկվում է Նախագծում ամրագրել դատապարտյալի կամ նրա օրինական ներկայացուցչի՝ գրավոր կարգով համապատասխան մարմնին դիմելու, դատապարտյալի՝ պատժի կրման Պետություն տեղափոխվելու համաձայնությունը տալու գրավոր ընթացակարգ:

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչություն
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բադասյան

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրված ԱՊՀ մասնակից-պետությունների կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրված ԱՊՀ մասնակից-պետությունների կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա) առկա է դրույթ (Հոդված 12), որը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման, այդ թվում՝ ծախսերի ավելացման:

Միաժամանակ Կոնվենցիայում եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ առկա չեն:


ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ կառավարության որոշումը

ՀՀ վարչապետի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ