Armenian ARMSCII Armenian
Կ-7857-25.11.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասում «ժամը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը» բառերը

2) լրացնել՝ նոր 6.1-ին մաս.

«6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, Որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների կողմից լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաեւ գլխավոր դատախազին:».

3) լրացնել նոր՝ 7.1-ին մաս.

«7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ սույն օրենքով սահմանված ստուգման ենթակա հանգամանքների հետ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաեւ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:»:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում լրացնել նոր՝ 8-րդ կետ.

«8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ):».

2) լրացնել՝ նոր 6.1-ին մաս.

«6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, Որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների կողմից լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:».

3) լրացնել նոր՝ 7.1-ին մաս.

«7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ սույն օրենքով սահմանված ստուգման ենթակա հանգամանքների հետ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաեւ հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:».

4) 8-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն.

«Գլխավոր դատախազին են տրամադրվում նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունները:»:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններ.

«Որակավորման հանձնաժողովը, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում եւ ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:»:

2) լրացնել նոր՝ 2.1-ին կետ.

«2.1) Սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակ:»:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 15.1-ին մաս.

«15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում Որակավորման հանձնաժողովը սույն օրենքով սահմանված կարգով անձին դատախազների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում ներառելուց առաջ մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում եւ ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին:».

2) 16-րդ մասում «արդյունքները» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում նաեւ՝ դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը » բառերը.

3) 17-րդ մասում «հիման վրա» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը,» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: