Armenian ARMSCII Armenian
Կ-762-13.10.2020,07.12.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1-ին, 31.2-րդ եւ 33-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաեւ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:

Արգելված նյութերի ներմուծման եւ արտահանման վրա տարածվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի նորմերը:».

2) 2-րդ մասի «սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին եւ 31.2-րդ հոդվածներով.

«Հոդված 31.1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով

1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով թույլատրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

Հոդված 31.2. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ

1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների, ոստիկանության կողմից թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: