Armenian ARMSCII Armenian
Կ-846-22.01.2021-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական մարմինները (բացառությամբ Կենտրոնական բանկի)» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, պետական մարմինները (այդ թվում՝ ենթակա պետական մարմինները)՝ բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 4-րդ կետից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.

2. 1-ին մասի 6-րդ կետում «փաթեթը» բառից հետո լրացնել «եւ լրացման ցուցումները» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է՝

1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը,

2) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը եւ դրա կիրառման հրահանգը,

3) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը,

4) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը եւ լրացման ցուցումները,

5) կազմակերպություններում հողամասերի եւ շենքերի վերագնահատման անցկացման ժամկետները եւ մեթոդաբանությունը,

6) կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքը,

7) կազմակերպություններում նոր հիմնական միջոցների եւ սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները,

8) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման եւ հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը.

9) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:».

2. 3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը.

3. 3-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5) կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի) կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ մշտադիտարկումը եւ անհրաժեշտ մեթոդական ցուցումների տրամադրումը, ինչի նպատակով իրավասու է կազմակերպություններից պահանջելու տրամադրել նրանց սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների հաշվապահական հաշվառման գրանցամատյանները (հաշվապահական հաշվառման գործառնությունների մատյանները), դրանց շրջանառության տեղեկագրերը եւ ֆինանսական հաշվետվությունները:».

4. 4-րդ մասից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը, իսկ «օրինակելի փաթեթը եւ» բառերը փոխարինել «օրինակելի փաթեթը եւ լրացման ցուցումները, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «սկզբնական հաշվառման փաստաթղթերի» բառերը փոխարինել «սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (այսուհետ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթեր)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը:»:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասում «2017 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար» բառերով.

2. 3-րդ մասում «2019» բառը փոխարինել «2024» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: