Armenian ARMSCII Armenian
Պ-763-14.10.2020,05.02.2021-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Բանկի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հոդվածների  հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում՝

1) մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2) երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3) երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

3. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

Սույն  հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է), եթե  խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: