Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-297-15.07.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Նույն օրը նշվում է նաեւ որպես պետական խորհրդանիշների օր»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների տոնական օր սահմանելը բխում է ՀՀ կառավարության 2010 թ. Փետրվարի 25-ի նիստի N 7 արձանագրային որոշմամբ ընդունված «Պետական խորհրդանիշների հանրահռչակման եւ քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրի» դրույթներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հասարակության քաղաքացիական, հայրենասիրական գիտակցության բարձրացման, հոգեւոր ներուժի խթանման անհրաժեշտությունից:

ՀՀ պետական խորհրդանիշների օրը պետական տոն ընդունելը ենթադրում է պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակություն, որը կդրսեւորվի հայրենիքի, հասարակության բարօրությանն ուղղված պատասխանատվության զգացումով, ինչպես նաեւ պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամությամբ: Այս տոնը պետության զարգացման գործընթացի կարեւորագույն բաղկացուցիչներից է, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանի քաղաքական, կրթական, մշակութային կայուն զարգացման երաշխիքների, ազգային եւ համամարդկային արժեքների, հայրենիքի, պետականության գիտակցման արմատավորման համար:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համատարած տեղեկատվական համաշխարհայնացման պայմաններում, երբ ժամանակակից տեխնոլոգիաները եւ տարաբնույթ մտածողության ձեւերը մեծ արագությամբ եւ անարգել իրենց տեղն են գտնում կենցաղում, ձեւավորում արժեքային նոր համակարգեր` առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում ազգային ինքնության պահպանությանը եւ պետականության գաղափարի արժեւորմանը միտված միջոցառումների ձեռնարկումը, այդ թվում` հայրենիքի եւ սեփական ժողովրդի պատմությունը, անցյալը, ներկան, ապագան արտացոլող պետական եւ ազգային խորհրդանիշների վերաբերյալ համապարփակ գիտելիքների տարածումը եւ դրանց արժեւորման արմատավորումը:

Պետության քաղաքացիների վերաբերմունքը դեպի խորհրդանիշները ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ եւ հավատում նրա ապագային: Այս պարագայում կարեւորվում է պետական խորհրդանիշների հետեւողական հանրահռչակումը, որի կարեւորագույն բաղկացուցիչներից է տոնի պետականորեն նշումը:

Պետական խորհրդանիշների ներքո ռազմական, մարզական, մշակութային, գիտական եւ այլ նշանակալի հաղթանակներ են արձանագրվել ու արձանագրվում: Պետական խորհրդանիշները ո՛չ միայն մեր պետականության, այլեւ անկախության խորհրդանիշներն են, պատմական կարեւորագույն արժեքներ, որոնք անհրաժեշտ է պահպանել, մեծարել ու սիրել: Այդ սերը, սակայն, չպետք է գիտակցվի ու դրսեւորվի հանրության միայն առանձին շերտերի կողմից. ողջ հանրությունը` Հայաստանում եւ սփյուռքում, պետք է մեծարանք տածի այս խորհրդանշանների հանդեպ, ուստի ավելի քան անհրաժեշտ է Հայաստանի տոնացույցում ունենալ տոն, որը նվիրված կլինի պետական խորհրդանիշներին: Տոնական օրվա ընտրությանն առավել քան համապատասխանում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը:

2010-2012 թվականներին իրականացված ՀՀ պետական խորհրդանշանների տոնական միջոցառումները, մասնավորապես` կազմակերպվող տոնական քայլերթերը, թողարկվող սոցիալական-տեղեկատվական տեսահոլովակները /վավերագրական, անիմացիոն-գրաֆիկական/ ապացույցն են այն բանի, որ դրանք հասարակության համար դարձել են ավանդական ու սպասված: Եվ ՀՀ օրենքով այս տոնի ամրագրումը էլ ավելի կարժեւորի պետական խորհրդանշանների դերն ու նշանակությունը մեր հասարակության մեջ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների տոնական օր սահմանելու նպատակն է` պետական խորհրդանիշների (Հայաստանի Հանրապետության զինանշան, Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի Հանրապետության օրհներգ) բովանդակության նպատակային պահպանումը եւ տարածումը, պետականության նկատմամբ հարգանքի ու ակնածանքի արմատավորումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, ազգային ինքնության պահպանումը քաղաքացիական դաստիարակության գործընթացներում, ազգային պետական խորհրդանիշների հանրահռչակման միջոցով սփյուռքում ապրող հայության ինքնության ամրապնդումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժեւորման եւ հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ եւ համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ պետական խորհրդանիշների տոնը, որի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներում ակտիվ մասնակցություն է ունենում հատկապես նոր սերունդը` դպրոցականները, ուսանողները, առհասարակ երիտասարդները, անվիճելիորեն նպաստում է նրանց սրտերում եւ գիտակցության մեջ ազգային արժեքների, պետական խորհրդանշանների հանդեպ հարգանքի ու մեծարանքի ձեւավորմանը: Ավագ սերնդին այս տոնն անհրաժեշտ է տարիների ընթացքում եւ կենսափորձի արդյունքում կուտակած արժեքները վեր հանելու եւ արժեւորելու համար:

Տոնական օրը հանրապետության բնակչությունը համախմբվում է մեկ միջոցառման` տոնական քայլերթի շրջանակներում: Այն եւս մեկ քայլ է երկրի ներսում վստահության, հայրենասիրական ոգու ամրապնդման ուղղությամբ, ինչը չափազանց կարեւոր է ազգային անվտանգության տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, նման իրադարձությունը մեծ արձագանք է գտնում նաեւ սփյուռքահայության շրջանում, քանի որ ՀՀ պետական խորհրդանշանները համայն հայության խորհրդանշաններն են: