Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-342-30.09.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 8. Հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքները ընդունելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից:

Այն դեպքում, երբ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը, ապա հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ շուտ քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից:

Հարկի դրույքաչափի իջեցում, հարկատուների գործելու պայմանների մեղմացում, հարկի վերացում նախատեսող օրենքներն ուժի մեջ են մտնում այդ օրենքների ընդունման տարվան հաջորդող ֆինասական տարվա սկզբից, բայց ոչ շուտ քան դրանց պաշտոնական հրապարակումից 30 օր հետո`անկախ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելուց:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկերի դրույքաչափերն ու տեսակները սահմանվում են « Հարկերի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես նշված օրենքով է սահմանվում հարկերի դրույքաչափերի փոփոխությունների իրականացման կարգը: Համաձայն այսօր գործող կարգի, եթե սահմանված հարկի որեւէ դրույքաչափ փոխվում է եւ եթե ֆինանսական տարին ներառում է փոփոխման փաստացի ժամկետը (եթե այդ ժամկետը ֆինանսական տարվա առաջին օրը չէ), ապա հարկերը հաշվարկվում են` կիրառելով նախկին դրույքաչափը մինչեւ փոփոխման փաստացի ժամկետը, իսկ նոր դրույքաչափը` փոփոխման փաստացի ժամկետից մինչեւ տարվա ավարտը: Եվ եթե որեւէ հարկ վերացվում է, ապա այդ հարկի վերացման տարվա համար հարկի վերացումը դիտարկվում է որպես հարկի դրույքաչափի փոփոխում, իսկ նոր դրույքաչափը` 0:

Օրենքը սահմանում է նաեւ, որ հարկատուների գործելու պայմանները խստացնող դրույթներ պարունակող օրենքները կարող են ուժի մեջ մտնել դրանց պաշտոնական հրապարակումից 30 օր հետո:

Միաժամանակ «Բյուջատային համակարգի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ եթե ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվում են բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա այդ օրենքներն ընդունվում են մինչ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքը քվեարկության դնելը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքը նոր հարկտեսակի մասին օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանում է նույն կարգը:

Դժվար չէ նկատել, որ նշված կարգերը հնարավորություն են տալիս հարկերի դրույքաչափերում փոփոխությունը,հատկապես դրույքաչափերի բարձրացումը,ինչպես նաեւ նոր հարկատեսակի ներդրումը կիրառել առանց հարկատուների իրավունքները հաշվի առնելու, առանց վերջիններիս՝ հարկային նոր ռեժիմին նախապատրաստվելու հնարավորություն ընձեռնելու:

Արդյունքում մեր իրավակիրառ պրակտիկայում լայնորեն տարածում է ստացել այն արատավոր մոտեցումը, երբ հարկային դրույքաչափի բարձրացումը կամ նոր հարկատեսակի ներմուծումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը կատարվում է ընթացիկ տարվա վերջում՝ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ընդունման հետ միաժամանակ եւ ուժի մեջ մտնում անմիջապես հաջորդ ֆինանսական տարվա սկզբից՝ հաճախ տհաճ անակնկալի բերելով տնտեսվարողներին:

Ավելին, հարկերի դրույքաչափերի փոփոխությունների ուժի մեջ մտնելու խնդրի, ըստ էության, կարգավորված չլինելը հանգեցրել է նրան, որ միեւնույն հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերյաբերյալ օրենսդրական առաջարկությունները Կառավարության կողմից կատարվում են այնպիսի հաճախականությամբ, որ ԱԺ օրակարգում միաժամանակ հայտնվում են նույն հարկի մասին օրենքում փոփոխությունների մի քանի, երբեմն իրարամերժ, առաջարկներ եւ շփոթ առաջացնում թե՛ օրենսդիրի եւ թե՛ հարկատուների շրջանում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող օրենքների կարգավորման առարկան՝ հարկերի գործող դրույքաչափերում փոփոխություններ, նոր հարկատեսակի ներդրում նախատեսող օրենքների ուժի մեջ մտնելը կանոնակարգելն է՝ առաջնորդվելով հարկատուների իրավունքներով: Առաջարկվում է առաջնորդվել հարկատուներին հարկային նոր ռեժիմի պայմաններում գործելու հնարավորություն ընձեռնելու տրամաբանությամբ:

3. Նախագծի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Օրենքի նախագիծը մշակվել է ԱԺ պատգամավորի նախաձեռնությամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում հարկային օրենսդրությանը վերաբերող մի շարք նախագծերի քննարկումների, ինչպես նաեւ գործարար շրջանակների հետ հանդիպումների արդյունքում: