Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-35813-03.10.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«1. Դատախազների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2. 2-րդ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ եւ 13-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 75-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նաեւ Փաթեթ) մշակվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական եւ արդարացի համակարգ ներդնելու, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակում, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիություն ապահովելու, ինչպես նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության սկզբունքները, նրանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի,պարգեւատրման, դրամական օգնության կազմակերպման եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ կանոնակարգելու նպատակով։

Փաթեթում ներառված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններով նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում` 2014-2016թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին համապատասխան:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի ներդրման, վարձատրության հետ կապված հարաբերությունների ամբողջական կանոնակարգման նպատակով, ինչպես նաեւ այդ շրջանակներում հիմնական աշխատավարձերի սահմանման ճկունությունը ապահովելու համար Փաթեթով առաջարկված է վերացնել պետական եւ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների աշխատողների հիմնական աշխատավարձերի ուղղակի կապը նվազագույն աշխատավարձի հետ: Հետեւաբար, համապատասխան փոփոխություններ են նախատեսված «Նախադպրոցական կրթության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է հարկային պետական ծառայության, մաքսային պետական մարմնի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի՝խրախուսման եւ զարգացման ֆոնդի հետ կապված հարաբերությունները, ֆոնդի միջոցների ձեւավորմանը եւ ծախսմանը ներկայացվող հիմնական պահանջները:

Հարկ է նկատի ունենալ, որ սոցիալական ապահովության ոլորտի միջոցով իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի հիմնական մասը: Սակայն, ոլորտի պահպանման ծախսերը եւ աշխատավարձի ֆոնդը բավարար չեն ոլորտի արդյունավետ կառավարումն իրականացնելու, կառավարման համակարգի շարունակական կատարելագործումն ապահովելու համար:

Արդյունքում, չնայած վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, սոցիալական ապահովության ոլորտում դեռեւս պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ՝ բավարար մակարդակի վրա չէ շահառուներին մատուցվող ծառայությունների որակը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Փաթեթով առաջարկվում է նաեւ ներդնել պետական կենսաթոշակային համակարգի խրախուսման եւ զարգացման ֆոնդ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պետական ծառայության համակարգը, որին զուգընթաց պետական հատվածում ձեւավորվեցին աշխատանքի վարձատրության համակարգեր։

Հիմնական աշխատավարձի որոշման համար ներդրվեցին աշխատավարձի տարիֆային համակարգեր` պաշտոնների դասակարգմամբ եւ յուրաքանչյուր պաշտոնի համար պաշտոնային դրույքաչափի սահմանմամբ` հաշվի առնելով յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված պարտականությունների եւ պատասխանատվության շրջանակը: Ծառայությունների հիմնական մասում տարիֆային համակարգը ներդրվեց սանդղակների տեսքով, մյուս մասում` յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանվեցին նվազագույն եւ առավելագույն դրույքաչափեր, իսկ երրորդ խմբում` պաշտոնային դրույքաչափերը սահմանվեցին որեւէ ելակետային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ:

Բարեփոխումների առաջին փուլում հիմնականում պահպանվում էին աշխատանքի կազմակերպման գիտափորձնական մոտեցումները: Սակայն բարեփոխումների հետագա ընթացքում, երբ բացակայում էր առկա խնդիրների լուծման ուղղությամբ միասնական մոտեցումը, որոշակի ծառայությունների այս կամ այն հիմքով կարեւորման արդյունքում, խախտելով աշխատավարձի միասնական համակարգի ապահովման հիմնական սկզբունքները, աստիճանաբար խարխլվեց ներդրված համակարգը: Արդյունքում, պարտականությունների ավելի նեղ շրջանակ եւ պատասխանատվության ավելի ցածր մակարդակ ունեցող պաշտոնյաների համար սահմանվեցին ավելի բարձր աշխատավարձեր, որն էլ առաջ բերեց համակարգային հետեւյալ խնդիրները.

Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին տնտեսությունում առկա գնաճը նվազագույնի հասցրեց համակարգում աշխատողների աշխատավարձի հիմնական գործառույթներից մեկի` վերարտադրողական գործառույթի դերը:

Ներկա կարգավորման պարագայում, պետական կառավարման տարբեր ոլորտներում աշխատավարձերի համակարգերի ներդրմանը զուգընթաց, բյուջետային ոլորտի մյուս ճյուղերում եւս սահմանվում են աշխատավարձերի որոշման մեխանիզմներ, որոնց հիմքում, որպես կողմնորոշիչ` ընդունվում է նվազագույն աշխատավարձը։ Աշխատավարձերի որոշարկման այս կանոնակարգումներն իրականում ավելի շատ դրսեւորում են աշխատողների համար բարեկեցիչ աշխատավարձեր սահմանելու մոտեցումներ, քան աշխատավարձի որոշման մեխանիզմներ։

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, պետական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը ՀՀ կառավարությունը համարում է որպես կարեւորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով:

Փաթեթի ընդունմամբ նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ ծառայողների համար ներդնել աշխատավարձերի միասնական սանդղակներ, միեւնույն ժամանակ, համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջեւ տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները: Այդ ճշգրտման ընթացքում կպահպանվեն գործող աշխատավարձերը. եթե աշխատողի նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը: Հաշվարկների համաձայն, այս մեխանիզմով 5 տարվա ընթացքում միասնական համակարգը լիարժեք կսկսի գործել, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց փոփոխվող սանդղակի աճերով:

Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, կբարձրանան նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանմասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը, որը համարվում է որպես կարեւորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների եւ հակակոռուպցիոն քաղաքականության
իրագործման արդյունավետության բարձրացման առումով:

Աշխատավարձերի բարձրացումից զատ, պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթը նախատեսվում է տրամադրել նաեւ պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց:

Հաշվի առնելով առաջիկա տարիների համար ծրագրված նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը կնպաստի նվազագույն աշխատավարձի հիմնական գործառույթների վերականգնմանը, նախագծով նախատեսվում է անջատել որոշ ոլորտներում աշխատավարձի հետ առկա անուղղակի կապերը։

4. Ակնկալվող արդյունքը

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է պետական կառավարման բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի եւ մատուցվող ծառայությունների որակը, աշխատավարձի մակարդակը` միաժամանակ ապահովելով կադրային ներուժի հետեւողական ամրապնդում (մասնագիտական որակավորման պահանջների բարձրացում, որակյալ մասնագետների ներգրավում), ինչպես նաեւ աշխատավարձերի առաջարկվող բարձրացմամբ մասնավոր հատվածի նկատմամբ մրցունակության ապահովում:

Փաթեթն ընդունվելու դեպքում, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, կսահմանվի սոցիալական ապահովության ոլորտի խրախուսման եւ զարգացման ֆոնդ:

Խրախուսման եւ զարգացման ֆոնդի առկայությունը էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կնպաստի սոցիալական ապահովության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետությանն ու ենթակառուցվածքների զարգացմանը, շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը՝ ապահովելով սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացմանը:

Փաթեթն ընդունվելուց հետո կմշակվեն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվեն Փաթեթի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նախապես հաստատվող օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկին համապատասխան։