Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-370-25.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 103.1-րդ հոդվածով.

«Հոդված 103.1. Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը, սակայն ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերից 5 օր առաջ, Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողով եւ ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

3. Հաղորդման քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ներկայացվելուց հետո` Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերում:

4. Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

1) մինչեւ 1 ժամ տեւողությամբ զեկուցմամբ հանդես է գալիս Գլխավոր դատախազը.

2) մինչեւ 30 րոպե տեւողությամբ հարակից զեկուցմամբ հանդես է գալիս պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը.

3) հաղորդման քննարկումն ավարտվում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի եւ Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթներով ` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

5. Ազգային ժողովում քննարկվելուց հետո հաղորդումը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

Այդպիսով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացում, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով թեեւ նախատեսված է, որ այդպիսի հաղորդումները քննարկվում են հատուկ ընթացակարգով, սակայն նման ընթացակարգ օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, որի հետեւանքով դատախազության գործունեության հաղորդումներն Ազգային ժողովի նիստում չեն քննարկվում: Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման ներկայացման հստակ ժամկետ, ինչպես նաեւ հաղորդման բովանդակության վերաբերյալ պահանջներ նախատեսված չեն:

Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը լրացնել նոր` 103.1-րդ հոդվածով, դրանում շարադրելով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային ժողովում քննարկելու հատուկ կարգ` համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում:

Առաջարկվող փոփոխություններն ուղղված են դատախազության գործունեության հրապարակայնության եւ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների իրականացման ապահովմանը: