Armenian ARMSCII Armenian
Կ-049-23.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, ինչի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից:

Հոդված 2. Օրենքի կարգավորման ոլորտը եւ սահմանափակումները

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության վրա:

2. Օրենքի գործողությունը չի տարածվում՝

1) լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ օգտագործվող սնդիկի կամ սնդիկի միացությունների վրա.

2) սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են հանքաքարերում եւ այնպիսի արտադրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքանյութերը, այդ թվում՝ ածուխը կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը եւ ոչ կանխամտածված հետքաքանակները քիմիական արտադրանքում:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) սնդիկ՝ տարրական սնդիկ (Hg(0), Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համապատասխան համարը 7439-97-6):

Սույն օրենքի իմաստով «սնդիկ» հասկացությունը վերաբերում է նաեւ սնդիկի խառնուրդներին այլ նյութերի հետ, այդ թվում՝ սնդիկի համաձուլվածքներին, որտեղ սնդիկի կոնցենտրացիան առնվազն 95 կշռային տոկոս է կազմում.

2) սնդիկի միացություններ՝ ցանկացած նյութ՝ բաղկացած սնդիկի ատոմներից եւ այլ քիմիական տարրերի մեկ կամ ավել ատոմներից, որոնք կարելի է բաժանել տարբեր բաղադրիչների միայն քիմիական ռեակցիաների միջոցով:

Սույն օրենքի իմաստով սնդիկի միացություններն են՝ սնդիկի (I) քլորիդը (կալոմել), սնդիկի (II) օքսիդը, սնդիկի (II) սուլֆատը, սնդիկի (II) նիտրատը, կինաբարը եւ սնդիկի սուլֆիդը.

3) սնդիկային թափոններ՝ նյութեր կամ առարկաներ, որոնք.

ա. բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից կամ

բ. պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ

գ. աղտոտված են սնդիկով կամ սնդիկի միացություններով.

Այս սահմանումն իր մեջ չի ներառում մակաբացման ու դատարկ ապարները եւ լցակույտերը, որոնք առաջանում են հանքարդյունահանման ընթացքում (բացառությամբ սնդիկի առաջնային արդյունահանման), եթե դրանք չեն պարունակում սնդիկ եւ սնդիկային միացություններ այն քանակությամբ, որը գերազանցում է Կոնվենցիայի Կողմերի համաժողովի կողմից սահմանված շեմային արժեքները:

4) սնդիկի հավելիչով արտադրանք՝ արտադրանք կամ արտադրանքի բաղադրիչ, որը պարունակում է սնդիկ կամ սնդիկի միացություն, որն ավելացվել է կանխամտածված.

5) սնդիկի առաջնային արդյունահանում՝ արդյունահանում, որի ժամանակ հիմնական արդյունահանվող նյութը սնդիկն է.

6) Կոնվենցիա՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիա.

7) Կողմ՝ պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, որը համաձայնել է սույն Կոնվենցիան իր համար պարտադիր ուժ ունենա եւ որի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել.

8) Լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող եւ օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի եւ թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:

ԳԼՈՒԽ 2

ՍՆԴԻԿԻ, ՍՆԴԻԿԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՆԴԻԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆՎԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 4. Կառավարության լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում

1. Սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Կառավարության լիազորություններն են՝

1) Հայաստանի Հանրապետությունից արտահանման եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկի սահմանումը:

2) Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգի սահմանումը.

3) Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի սահմանումը.

4) սնդիկով կամ սնդիկի միացություններով աղտոտված վայրերը հայտնաբերելու եւ դրանք գնահատելու ռազմավարության հաստատումը:

Հոդված 5. Լիազոր մարմնի լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում

1. Սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում լիազոր մարմնի լիազորություններն են՝

1) Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման եւ Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերի մշակումը.

2) Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման լիցենզիաներ տրամադրելը եւ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ տալը եւ ստանալը.

3) սնդիկով կամ սնդիկի միացություններով աղտոտված վայրերը հայտնաբերելու եւ դրանք գնահատելու ռազմավարության մշակումը:

Հոդված 6. Սնդիկային թափոնների կառավարումը

1. Սնդիկային թափոնների նկատմամբ կիրառվում են «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի եւ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիաների, ինչպես նաեւ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան կարգավորումները:

2. Սնդիկային թափոնները կառավարվում են՝ հաշվի առնելով «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայի ղեկավար սկզբունքները եւ թափոնների գործածության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

ԳԼՈՒԽ 3

ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 7. Սնդիկի ուսումնասիրության եւ արդյունահանման արգելքը

1. Հայաստանի Հանրապետությունում սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի (բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո) ուսումնասիրության եւ արդյունահանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը

1. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումն արգելվում է՝ բացառությամբ՝

1) Կողմ հանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող Կողմը Լիազոր մարմնին տրամադրել է գրավոր համաձայնություն առ այն, որ սնդիկն օգտագործելու է Կոնվենցիայով ներմուծող Կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով:

2) Կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող երկիրը տրամադրել է գրավոր համաձայնություն, ինչպես նաեւ հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել է միջոցներ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար եւ այդ սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը Կոնվենցիայով թույլատրված է Կողմ երկրներին կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը

1. Սնդիկի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է միայն Լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի առկայության դեպքում:

2. Սնդիկի ներմուծում Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող երկրից, եթե ոչ անդամ Կողմը չի ներկայացնում Լիազոր մարմնին հավաստում առ այն, որ սնդիկը Կոնվենցիայով անթույլատրելի ճանաչված աղբյուրներից՝ սնդիկի առաջնային արդյունահանումից կամ քլոր-ալկալիական արտադրության կայանքների ապամոնտաժումից առաջացած սնդիկ չէ:

Հոդված 10. Սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության արգելքը

1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սույն մասի աղյուսակով նախատեսված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը.
 
Սնդիկի հավելիչով արտադրանքի նկարագիրը
Մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, եւ օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է
Անջատիչներ եւ ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների եւ կորստի չափման կամրջակների եւ բարձր ռադիոհաճախականության անջատիչների եւ հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով
- Փոքր չափի լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ եւ լամպի անոթում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,
- Խողովակաձեւ լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար.
ա. մինչեւ 60 վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով եւ լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ.
բ. մինչեւ 40 վատտ հզորությամբ հալոֆոսֆատային լյումինոֆորով եւ լամպում 10 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,
- Բարձր ճնշման սնդիկային լամպեր ընդհանուր լուսավորության համար,
- Սառը կաթոդային լյումինեսցենտային լամպեր եւ արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպեր էլեկտրոնային դիսփլեյների համար.
ա. կարճ (մինչեւ 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.
բ. միջին (500 միլիմետրից ավել մինչեւ 1 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
գ. երկար (1 500 միլիմետրից ավել), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով
Կոսմետիկ միջոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում՝ մաշկը գունաբացող օճառներ եւ քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ եւ որի համար առկա չեն արդյունավետ եւ անվտանգ կոնսերվանտ-փոխարինիչներ
Պեստիցիդներ, բիոցիդներ եւ տեղային հակասեպտիկներ
Ոչ էլեկտրոնային հետեւյալ չափիչ սարքավորումները՝

- բարոմետրեր
- հիգրոմետրեր
- մանոմետրեր
- ջերմաչափեր
- սֆիգմոմանոմետրեր

2. Արգելվում է հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչով այնպիսի բաղադրիչների ներառումը, որոնց արտադրությունը արգելված է սույն հոդվածով:

3. Սույն հոդվածը չի տարածվում՝

1) քաղաքացիական պաշտպանության եւ ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանքի,

2) հետազոտությունների, սարքերի չափաբերման համար, որպես չափանմուշ օգտագործվող արտադրանքի,

3) փոխարինման համար սնդիկ չպարունակող ընդունելի այլընտրանքների բացակայության դեպքում՝ անջատիչների եւ ռելեների, էլեկտրոնային դիսփլեյների համար սառը կատոդային լյումինեսցենտային լամպերի եւ արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպերի, չափիչ սարքավորումների,

4) թիոմերսալը որպես կոնսերվանտ պարունակող պատվաստանյութերի վրա:


ԳԼՈՒԽ 4

ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց իրավունքները եւ պարտականություները

1. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն՝

1) սույն օրենքին եւ Կառավարության սահմանած կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներմուծել եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանել սնդիկ:

2. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք պարտավոր են՝

1) Հայաստանի Հանրապետություն սնդիկ ներմուծելիս եւ Հայաստանի Հանրապետությունից սնդիկ արտահանելիս պահպանել սույն օրենքով սահմանված սահմանափակումները եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

Հոդված 12. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ցանկը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: