Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-383-14.11.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» 2004 թվականի հունիսի 11-ի թիվ ՀՕ-105 Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատվավոր կոչումների համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Վաստակավոր» պատվավոր կոչմանն արժանացած անձանց համար պատվովճար սահմանելու անհրաժեշտությամբ:

1.2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2004 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է երկու պատվավոր կոչում՝ «Վաստակավոր»եւ «Ժողովրդական»(ընդ որում, վերջն կոչմանը կարող են արժանանալ բացառապես արտիստներն ու նկարիչները): Օրենքի 21-րդ հոդվածը, որը վերնագրված է «Պատվավոր կոչման համար պատվովճարը», սահմանում է, որ պատվովճար կարող է տրվել միայն «Ժողովրդական» կոչման համար: 2004 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ««Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման եւ վճարման կարգն ու չափը սահմանելու մասին»1841-Ն թվակիր որոշման 3-րդ կետով սահմանվում է ««Ժողովրդական»պատվավոր կոչման արժանացած անձանց ամսական պատվովճար սահմանել հաշվարկային նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) քառասունապատիկի չափով»: Այնինչ, որեւէ արտոնություն «Վաստակավոր» կոչմանն արժանացած անձանց համար չի նախատեսվում, ինչը մի կողմից անարդար եւ տարբերակված մոտեցում է, մյուս կողմից արժեզրկում է «Վաստակավորի» պատվավոր կոչումը: Ավելին, անտրամաբանական է, որ երկու հավասարազոր կոչումներ, որոնք տրվում են նույն մարմնի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, տարբերակված ձեւով են գնահատվում:

1.3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Սույն նախագծով առաջարկվում է սահմանել, որ պատվավոր կոչումների արժանացած բոլոր քաղաքացիները ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափի պատվովճար:

2.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան են պատվավոր կոչում ստացած քաղաքացիներին տրվող պատվովճար սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները:

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում պատվովճար կստանան նաեւ «Վաստակավոր» կոչմանն արժանացած քաղաքացիները: