Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-393-22.11.2013-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ընտրվելուց» բառը փոխարինել «լիազորությունները ստանձնելուց» բառերով:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 53. Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը.

Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական եւ մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը եւ նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացումը:

Համայնքի նորընտիր ղեկավարը մշակում է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, եւ իր լիազորությունները ստանձնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում ներկայացնում  ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, անհրաժեշտության դեպքում՝ դրա մեջ կատարում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ եւ ընդունում է այն՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Համայնքի քառամյա զարգացման ծրագրի գործողության ժամկետի ընթացքում համայնքի ավագանու անդամների ընտրություն կայանալու դեպքում՝ ավագանու լիազորությունները ստանձնելուց հետո եռամսյա ժամկետում համայնքի ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող են առաջարկվել քառամյա զարգացման ծրագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ:

Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման եւ այլ ռազմավարական ծրագրերին:

Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են.

1) համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ.

2)  շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ.

3) համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ.

4) աղետների ռիսկերի կառավարման հիմնական մոտեցումներ:

5) համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ

Մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը` բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ միասին համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:

Համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած հաշվետվությունից հետո, մեկ ամսվա ընթացքում, քառամյա զարգացման ծրագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ մշտական հանձնաժողովների (եթե դրանք ձեւավորված են) կողմից:

Սույն օրենքի 77.2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մարմինը մշակում եւ համայնքների ղեկավարներին է ներկայացնում համայնքի քառամյա զարգացման ծրագրի մշակման մեթոդական ուղեցույցը:

Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետից հանել «տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 85-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը

Համայնքի զարգացման ծրագրի հասկացության սահմանում եւ ծրագրի ընդունման, դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման ընթացակարգի հստակեցում, ծրագրի պարտադիր բաղադրիչների սահմանում:

2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի՝ համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը: Նույն օրենքի 53-րդ հոդվածով նկարագրվում է համայնքի զարգացման ծրագրի ընդունման որոշակի ընթացակարգ: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ յուրաքանչյուր համայնքում յուրովի են մոտենում համայնքի ծրագրին ներկայացվող պահանջների կազմին եւ բովանդակությանը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն սահմանելու այդ պահանջները:

Բացի այդ, նախագծով նախատեսվում են մի շարք այլ փոփոխություններ, մասնավորապես.

- Օրենքի 7-րդ հոդվածում առաջարկվում է հանել 1-ին մասի երկրորդ նախադասությունը, որով սահմանվում է, թե ով կարող է ընտրվել համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ընտրական օրենսգրքով (132-րդ հոդված) արդեն իսկ սահմանված են այդ չափանիշները:

- Նույն տրամաբանությամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, որտեղ նույնպես սահմանվում է, թե ով կարող է ընտրվել համայնքի ղեկավար:

- Օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում է, որ «Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում:» Մեր կողմից առաջարկվում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորությունները վայր դնելու ժամկետը թղթակցել ոչ թե համայնքի ղեկավարի ընտրվելու հանգամանքի հետ, այլ վերջինիս լիազորությունների ստանձնման հանգամանքի, քանի որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ համայնքի ղեկավարի ընտրվելու ու լիազորությունների ստանձնելու միջեւ ընկած ժամանակահատվածը տեւում է երկու, նույնիսկ ավել ամիս ժամանակ, եւ, կարծում ենք անտրամաբանական է, որ այդ ժամանակահատվածում համայնքում չլինեն հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ:

- Օրենքի 57-րդ հոդվածով որպես հարկային եկամուտ սահմանված է «տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ»-ը: Մինչդեռ, 2011 թվականի հունիսի 23-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքի համաձայն՝ այդ հարկատեսակը հանվել է: Փոխարենը, նույն օրը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՕ -221-Ն օրենքով սահմանվել է համապատասխան տեղական տուրք:

- Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  «Սույն օրենքի 28-րդ հոդվածը գործում է մինչեւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին համապատասխան օրենքն ընդունելը եւ սահմանված կարգով ուժի մեջ մտնելը»: Այդ օրենքն ընդունվել է դեռեւս 2004 թվականի դեկտեմբերի 14-ին («Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք), սակայն օրենքի 28-րդ հոդվածն արդիական է: Ուստի մեր կողմից առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 85-րդ հոդվածը, դրանով իսկ ապահովելով 28-րդ հոդվածի գործածության իրավաչափությունը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայացված նախագիծը տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

6. Ակնկալվող արդյունք

 Համայնքի զարգացման ծրագրին՝ որպես համայնքի ռազմավարական պլանավորման գլխավոր փաստաթղթին, ներկայացվող պահանջների սահմանում, ինչպես նաեւ օրենքի կատարելագործում:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)