Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-397-26.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈւԽ 1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջեւ ծագող իրավահարաբերությունները:

Հոդված 2. Արդյունաբերական քաղաքականության մասին օրենսդրությունը

Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային եւ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից եւ այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են՝

արդյունաբերություն՝ նյութական արտադրության ոլորտում իրականացվող տնտեսական գործունեություն` բացառությամբ գյուղատնտեսության եւ շինարարության.

արդյունաբերական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված արդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություն.

արդյունաբերական քաղաքականություն (այսուհետ՝ ԱՔ)` միջոցառումների համակարգ, որն ուղղված է արդյունաբերության ոլորտում առաջադիմական փոփոխությունների իրականացմանը` պետական գերակայություններին համապատասխան, երկրի արտադրական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու զարգացմանը.

արդյունաբերական քաղաքականության սուբյեկտներ՝ պետական եւ տարածքային կառավարման մարմիններ, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, աջակցող ենթակառուցվածքներ.

արդյունաբերական գոտի` ազատ տնտեսական գոտի, որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն.

նորամուծական զարգացում՝  ԱՔ ոլորտում մտավոր սեփականության  եւ նորամուծական նախագծերում ներդրումների իրականացման վրա հիմնված զարգացում:

Հոդված 4. Արդյունաբերության զարգացման քաղաքականության մշակումը

Արդյունաբերության զարգացման պետական միասնական քաղաքականության մշակումն ապահովում է պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)` ռազմավարությունների, հայեցակարգերի, նպատակային ծրագրերի եւ այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակման միջոցով, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Լիազոր մարմնի ընտրությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Հոդված 5. Արդյունաբերական քաղաքականության սուբյեկտների փոխգործունեությունը

ԱՔ սուբյեկտները իրենց գործունեությունն իրականացնում են պետություն-մասնավոր հատվածների փոխգործունեության սկզբունքների հիման վրա:

Հոդված 6. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները

Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքներն են`

1)     պետական աջակցության հասցեականությունը եւ հասանելիությունը.

2)     արդյունաբերական քաղաքականության մասին տեղեկատվության մատչելիությունը.

3)     արդյունաբերության կայուն զարգացումը եւ արդյունաբերական քաղաքականության միջոցառումների իրականացման հաջորդականությունը.

4)     երկարաժամկետ նպատակների ձեւավորումը եւ դրանց իրականացման հետեւողականությունը:

Հոդված 7. Արդյունաբերության  զարգացման պետական քաղաքականության խնդիրները

Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության խնդիրներն են.

1)     համագործակցել մասնավոր հատվածի հետ` ոլորտային զարգացման ռազմավարությունների մշակման եւ իրականացման նպատակով.

2)     նպաստել արտահանման ներուժ ունեցող ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը.

3)     աջակցել տարածքային կլաստերների, տեխնոպարկերի, արդյունաբերական գոտիների ձեւավորմանը.

4)     աջակցել նորամուծական գործունեությանը.

5)     զարգացնել գործարարների աջակցման կառույցների կարողությունները.

6)     զարգացնել արդյունաբերության ենթակառուցվածքները:

Հոդված 8. Արդյունաբերական կազմակերպությունների կողմից տեղեկատվության տրամադրումը

 Լիազոր մարմինը ԱՔ ոլորտում իրականացնում է վարչական ռեգիստր: ԱՔ սուբյեկտները լիազոր մարմնին տրամադրում են գործունեության վերաբերյալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Արդյունաբերական քաղաքականության  իրականացումը

1. Արդյունաբերական քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական եւ տարածքային կառավարման մարմինների միջոցով` օրենքով սահմանված կարգով:

2. Արդյունաբերական քաղաքականության իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) արդյունաբերական արտադրության խթանման եւ արդյունաբերության զարգացման բնագավառներում իրագործվող քաղաքականության համակարգումը.

2)    լիազոր մարմնի նպատակների, խնդիրների եւ գործառույթների սահմանումը.

3) պետական եւ տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդատվական մարմինների ձեւավորումը.

4)   տեղեկատվության հավաքագրման, վերլուծության,  կանխատեսումների իրականացումը.

5) արդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության խթանման, սուբսիդավորման, ապահովագրության, կոոպերացման, արդյունաբերության առանձին ենթաճյուղերի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.

6) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված  այլ լիազորություններ:

Հոդված 10. Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1) արդյունաբերության զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ներդրումը, տեղայնացումն ու իրականացումը համապատասխան վարչական տարածքում.

2) մարզերում արդյունաբերության զարգացման կանխատեսումների իրականացումը.

3) մարզերում    արդյունաբերության   սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների ձեւավորումն ու դրանց գործունեության ապահովումը.

4) արդյունաբերության   զարգացման տարածքային ծրագրերի մշակումը եւ ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

5) արդյունաբերության սուբյեկտների շահերը ներկայացնող եւ համապատասխան վարչական տարածքում գործունեություն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցությունը.

6) արդյունաբերության  սուբյեկտների միջեւ   միջմարզային   համագործակցության աջակցությունը.

7) արդյունաբերության զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների ու վարչատարածքային կառույցների հետ համագործակցությունը:

Հոդված 11. Արդյունաբերության զարգացման ոլորտում պետական եւ տարածքային կառավարման մարմինների փոխգործունեությունը

Արդյունաբերության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր լիազորությունների շրջանակում  համակարգում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը, արդյունաբերության սուբյեկտների զարգացմանն ուղղված պետական, տարածքային  ծրագրերով իրականացվող միջոցառումները:

Հոդված 12. Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր կողմից լիազորված մարմինների միջոցով իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով արդյունաբերական քաղաքականության կարգավորումը հետեւյալ հիմնական ուղղություններով`

1)       ներդրումային միջավայրի բարելավում հարկային վարչարարության եւ օրենսդրության կատարելագործում.

2)     արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցում.

3)     գերակա ճյուղերում վարկերի մատչելիության եւ հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում.

4)     իրավաբանական անձանց սնանկացման եւ լուծարման գործընթացների պարզեցում ու ժամկետների կրճատում.

5)     մտավոր սեփականության պաշտպանության    գործում    արդյունավետ կիրարկում, մտավոր սեփականության պաշտպանության գործում հայաստանյան արտահանողներին.

6)     ներդրումային եւ վենչուրային հիմնադրամների ստեղծում հիմնադրամների ստեղծում.

7)     արդյունաբերական գոտիների ստեղծման ընթացակարգերի պարզեցում.

8)     ԱՔ սուբյեկտներին՝

ա. ֆինանսական օժանդակության ապահովում,

բ. վարկային երաշխիքների տրամադրում,

գ. կադրերի վերապատրաստման ծրագրերի համաֆինանսավորում,

դ. ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ցուցաբերում` միջազգայնորեն ճանաչված որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում,

ե. տեխնոլոգիաների եւ գիտելիքի փոխանցմանը աջակցում,

զ. հետազոտությունների եւ մշակումների իրականացման խթանում:

ԳԼՈՒԽ 2. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 13. Արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նկարագիրը

1. Արդյունաբերության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ` պետական ծրագիր) փասթաթուղթ է, որը սահմանում է արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները, մեխանիզմները  յուրաքանչյուր երեք օրացույցային տարիների համար (այսուհետ` եռամյա):

2. Պետական ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին մասնակցում են արդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթներ ունեցող պետական եւ տարածքային կառավարման  մարմինները.

3. Պետական ծրագրի  մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետները եւ այն լիազոր մարմին ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պետական ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

Հոդված 14. Արդյունաբերության զարգացման պետական ծրագրի փորձաքննության կարգը

Արդյունաբերության զարգացման պետական ծրագիրը ենթակա է պարտադիր փորձաքննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 15. Պետական ծրագրի հաստատումը

1.  Պետական ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ ուշ, քան պետական ծրագրի իրականացմանը նախորդող տարվա նոյեմբերի  15-ը` երեք տարի ժամկետով:

2.  ՀՀ կառավարությունը  մշակում է արդյունաբերական քաղաքականության իրականացման  կարգը, որում սահմանվում են ՀՀ պետական բյուջեից արդյունաբերական քաղաքականության իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացման ամենամյա չափերը:

Հոդված 16. Պետական ծրագրի իրականացումը

Պետական ծրագիրը իրականացնում են լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում:

Հոդված 17. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրի նկարագիրը

1. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագիրը (այսուհետ` տարածքային ծրագիր) փաստաթուղթ է, որը սահմանում է արդյունաբերության տարածքային զարգացման հիմնական ուղղությունները, մեխանիզմները, արդյունաբերական գոտիների կազմավորման, իրականացման կարգը յուրաքանչյուր երեք օրացույցային տարիների համար (այսուհետ` եռամյա):

2. Արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերը կազմում են արդյունաբերության զարգացման պետական ծրագրի մաս:

3. Տարածքային ծրագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Տարածքային կառավարման մարմինները Հայասատանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում են տարածքային ծրագրերի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվություն:

5.  Արդյունաբերության ոլորտում պետական միասնական քաղաքականությունը եւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերը ձեւավորվում եւ իրականցվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Հոդված 18. Տարածքային ծրագրերի մշակման չափորոշիչները

1. Տարածքային ծրագրերը մշակվում են հետեւյալ չափորոշիչներին համապատասխան.

1) տարածքային ծրագրերում ներկայացվում են.

ա. տվյալ մարզի արդյունաբերության ոլորտի առկա իրավիճակը,

բ. արդյունաբերության զարգացման հիմնական նպատակները, սկզբունքները եւ ուղիները,

գ. արդյունաբերության զարգացման գործընթացին տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը,

դ. ԱՔ սուբյեկտներին ֆինանսավորման եւ համաֆինանսավորման չափերը.

2) Տարածքային ծրագրերը ներառում են ոլորտում գործող եւ նոր ստեղծվող արդյունաբերական կազմակերպությունների, այդ թվում` ՓՄՁ սուբյեկտների գործունեության զարգացման եւ արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգը.

3) Տարածքային ծրագրերը կարող են ներառել արդյունաբերական գոտու ստեղծման վերաբերյալ  առաջարկ:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված չափորոշիչները կարող են փոփոխվել եւ լրամշակվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
 
 

ԳԼՈՒԽ 3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  19. Արդյունաբերության սուբյեկտների աջակցության ձեւերը, պայմաններն ու կարգը

1. Արդյունաբերության սուբյեկտների եւ դրանց աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների պետական օժանդակությունը ներառում է այդպիսի կազմակերպությունների ֆինանսական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական աջակցությունը, դրանց աշխատողների պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարելավմանն ուղղված միջոցառումները, նորարարության ու արդյունաբերական արտադրության, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերության սուբյեկտների աջակցությունը:

2. Արդյունաբերության սուբյեկտների եւ դրանց աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների  աջակցության տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են արդյունաբերության սուբյեկտների զարգացման պետական, տարածքային ծրագրերով:

Հոդված 20. Արդյունաբերության սուբյեկտների ֆինանսական օժանդակությունը

Արդյունաբերության սուբյեկտներին եւ դրանց աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին ֆինանսական օժանդակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է իրականացվել պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների միջոցների հաշվին վարկավորման սուբսիդիաների, բյուջետային ներդրումների, ինչպես նաեւ արդյունաբերության սուբյեկտների եւ դրանց աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների պարտավորությունների համար պետական ու տարածքային երաշխիքների տրամադրման, շնորհանդեսների կազմակերպման եւ/կամ մասնակցության, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության, հետազոտությունների իրականացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման, անհրաժեշտության դեպքում  միջազգային սերտիֆիկացման եւ այլ միջոցառումների համաֆինանսավորման ճանապարհով:

Հոդված 21. Արդյունաբերության սուբյեկտների տեղեկատվական աջակցությունը

Արդյունաբերության սուբյեկտներին եւ դրանց աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին տեղեկատվական աջակցությունը իրականացվում է պետական կառավարման մարմինների կողմից  պետական, տարածքային տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերի ստեղծման ու դրանց գործունեության ապահովման միջոցով:

Հոդված 22. Արդյունաբերության սուբյեկտների խորհրդատվական աջակցությունը

Կառավարման պետական մարմինների կողմից արդյունաբերության սուբյեկտների խորհրդատվական աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով.

1) արդյունաբերության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող եւ արդյունաբերության սուբյեկտներին խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում.

2) արդյունաբերության սուբյեկտների, այդ թվում ՓՄՁ սուբյեկտների կողմից կատարված ու փաստաթղթավորված` հիմնավորված խորհրդատվական ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցում:

Հոդված 23. Կադրերի պատրաստման եւ վերապատրաստման որակավորման բարձրացման ոլորտում արդյունաբերության սուբյեկտների աջակցությունը

Պետական կառավարման   մարմինների կողմից արդյունաբերության սուբյեկտների կադրերի պատրաստման,  վերապատրաստման ու որակավորման բարձրացման ոլորտում աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով.

1) պետական կրթական չափորոշիչների հիման վրա  արդյունաբերության սուբյեկտների, այդ թվում` ՓՄՁ, կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը ու որակավորման բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի մշակմամբ.

2) հասարակության սոցիալապես անապահով խմբերին դասվող մասնագետների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար համապատասխան պայմանների ստեղծմամբ, դրանց մասնագիտական որակավորումների կատարելագործմամբ՝ արդյունաբերության ոլորտում նոր աշխատանքային գործառույթների իրականացմանը նախապատրաստելով.

3) արդյունաբերության սուբյեկտներին  կրթական-մեթոդաբանական օգնություն ցուցաբերելով:

Հոդված 24. Արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում արդյունաբերության սուբյեկտների աջակցությունը

Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերության սուբյեկտների արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում աջակցությունը իրականացվում է հետեւյալ ձեւերով.

1) արդյունաբերության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող, ինչպես նաեւ արդյունաբերության սուբյեկտների գործունեությանը նպաստող կազմակերպությունների (ներառյալ` տեխնոպարկեր, տեխնոլոգիաների առեւտրայնացման կենտրոններ, տեխնիկաներդրումային գիտաարտադրական տարածքներ) ստեղծում ու վերջիններիս գործունեության ապահովում.

2) հայտնագործությունների, գիտական նվաճումների պատենտավորման աջակցություն, ինչպես նաեւ արդյունաբերության սուբյեկտների կողմից ստեղծված այլ մտավոր արդյունքների պետական գրանցում եւ հեղինակային իրավունքի պաշտպանություն.

3) արդյունաբերության սուբյեկտների համար արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում  ենթակապալի պայմանագրեր կնքելու համար նպաստավոր պայմանների ստեղծում:

Հոդված 25. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերության սուբյեկտների աջակցությունը

Պետական կառավարման  մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերության սուբյեկտների  աջակցությունը  իրականացվում է հետեւյալ ձեւերով.

1)   արտաքին  տնտեական   գործունեություն  իրականացնող   արդյունաբերության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը համալրող եւ արդյունաբերության սուբյեկտներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում.

2) արդյունաբերության զարգացման ոլորտում օտարերկրյա  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանում.

3) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների (աշխատանքներ, ծառայություններ), մտավոր գործունեության  արդյունքների օտարերկրյա պետությունների շուկաներ արտահանելու համագործակցություն, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեություն իրականցնող փոքր ու միջին ձեռնակատիրության սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծում:

ԳԼՈՒԽ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  26. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից հետո՝  մեկամսյա ժամկետում, ապահովում է սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Անհրաժեշտությունը: «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմամբ եւ կանոնակարգմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են երկրի տնտեսության զարգացման, արտահանման կառուցվածքի կատարելագործման, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ սոցիալ-տնտեսական մի շարք այլ խնդիրների լուծման հետ:

«ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N40-Ն որոշմամբ որպես գերակա խնդիր ամրագրված է արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացումը, իսկ որպես խնդրի լուծման ուղիներ` արդյունաբերության մեջ գիտության եւ նորարարության արդյունքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աջակցության միջոցով արտադրանքի վերամշակման խորացումը, տեխնոլոգիական արդիականացման  գործընթացների ակտիվացման խթանումը եւ արտադրողականության բարձրացումը, արդյունաբերության գերակաճյուղերի առնչությամբ կլաստերային զարգացման քաղաքականության իրագործումը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մեխանիզմների կատարելագործումը եւ արդյունավետության բարձրացումը, կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Այդ հիմնախնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել եւ ամրագրել ԱՔ իրականացման սկզբունքները, հիմնական ուղղությունները, պետական եւ տարածքային մարմինների լիազորությունները եւ այլն:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները: Ներկայումս մի շարք իրավահարաբերություններ, որոնք ծագում են արդյունաբերության ոլորտում տնտեսավարողների,  պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ իրավաբանորեն հստակեցված չեն: Մասնավորապես,  դեռեւս օրենսդրորեն սահմանված չեն արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, աջակցության ուղղությունները, պետական կարգավորման մեխանիզմները: Դրա հետ մեկտեղ, դեռեւս օրենսդրորեն հստակեցված եւ սահմանված չեն ոլորտին առնչվող մի շարք հասկացություններ:

Կարգավորման նպատակը եւ բնույթը: Առաջարկվող օրենքը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ` արդյունաբերական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացքում: Օրենքի նախագիծը սահմանում է արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակման եւ իրականացման ուղղությունները, զարգացման պետական ծրագրի, ինչպես նաեւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերի մշակման, հաստատման, իրականացման եւ փորձաքննության ընթացակարգը: Օրենքի նախագիծը սահմանում է նաեւ արդյունաբերության սուբյեկտներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները, արդյունաբերական գոտիների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները:

Ակնկալվող արդյունքները: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի արդյունաբերության ոլորտում պետական կարգավորման եւ աջակցության գործընթացների համակարգմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, տեղական արտադրողների  մրցունակության բարձրացմանը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: