Armenian ARMSCII Armenian
Կ-1191-14.12.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն oրենքի 37-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մաքսային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:».

2) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված՝ մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կայացրած որոշումների բողոքարկման դիմում-բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքի քննությունը կարող է իրականացվել նաեւ տեսաձայնային կապի միջոցով:».

3) 8-րդ մասը «ծանուցագրի ձեւը,» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձեւը,» բառերով.

4) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 11-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունը՝ էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, եւ դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին, եթե`

1) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող է պարզաբանել միայն դիմում-բողոք բերած անձը.

2) դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է հանձնաժողովը՝ բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:».

6) 12-րդ մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «բանավոր ընթացակարգով» բառերով.

7) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

8) 15-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձեւով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:».

9) 16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումներն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:».

10) 17-րդ մասից հանել «տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ» բառերը:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի: Սույն օրենքի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մաքսային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի երրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով որոշումների իրազեկման մասով դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

4. Մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով: